Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 9-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը, ամփոփելով հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումները, նկատում է. - «Բացարձակապես զարմանալի չէ, որ հնչած կարծիքների գերակշռող մասը զուտ հուզական է: Բնական է նաեւ, որ առավել ակտիվ են «դեմ»-երը: Նրանք, ովքեր անկեղծորեն (ոչ թե պաշտոնի բերումով) կողմ են, սովորաբար լռում են, քանի որ հուզական եւ կրքոտ «դեմ»-երի կողմից կարող են որակվել որպես «ուրացողներ», «դավաճաններ», «թուրքամետներ», եւ որն ավելի սարսափելի է` «իշխանամետներ»: Հասկանալի է նաեւ, թե որտեղից է գալիս «դեմ»-երի հուզականությունը. տասնամյակներ շարունակ կենտկոմն ու «կագեբե»-ն, մտավորականությունն ու հայոց լեզվի ուսուցիչները մեր մեջ ներարկում են թույլի, պարտվածի հոգեբանությունը, զոհի բարդույթը: Դա անհրաժեշտ էր խորհրդային կայսրությանը՝ իր հարավային սահմանում վախեցած եւ միայն իր ողորմածության վրա հույս դնող ազգ ունենալու համար»:

«Հայկական ժամանակ»-ը խմբագրականում ներկայացրել է Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ. - «Իշխանության հերթական ձեռնածության արդյունքում հայ-թուրքական արձանագրությունների քննարկումները նույնպես նենգափոխվեցին: Հանրային քննարկումների առանցքը ոչ թե արձանագրություններն են, դրանց բովանդակությունը, այլ տրիվիալ հարցը՝ պե՞տք է արդյոք բացվի հայ-թուրքական սահմանը: Այսինքն՝ իշխանության կողմից կազմակերպվող քննարկումների մասնակիցները հայ-թուրքական սահմանի բացմանն են կողմ կամ դեմ արտահայտվում, այլ ոչ թե նախաստորագրված արձանագրություններին: Եվ այսպիսով՝ իշխանական քարոզչամեքենան տպավորություն է ստեղծում, որ նրանք, ովքեր կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը, կողմ են նաեւ նախաստորագրված արձանագրություններին, կամ ովքեր դեմ են արձանագրություններին, դեմ են նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանը: Այս շիլաշփոթի արդյունքում է, որ Հայ ազգային կոնգրեսին մեղադրում են նրանում, որ վերջինս, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից լինելով, չի սատարում նախաստորագրված արձանագրությունների իրագործմանը: Նման մեկնաբանությունը հարցերի գեղավարի-մոտավորապես ընկալման հետեւանքն է»:

«Հայոց Աշխարհ»-ը Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանին հարցնում է. - «Մեր խորհրդարանն ի՞նչ կարող է հակադրել արձանագրությունների վավերացման գործընթացը ձգձգելու թուրքական կողմի անթաքույց «սպառնալիքներին»։ Նիկոյանը պատասխանում է. - «Միջազգային որեւէ երաշխիք չկա խորհրդարաններում գործընթացների նկատմամբ վերահսկողության առումով, որովհետեւ խորհրդարանը մնում է խորհրդարան։ Եվ այստեղ է, որ խնդիրներ տեսնում եմ՝ հանկարծ այնպես չլինի, որ Հայաստանը վավերացնի այդ փաստաթղթերը, իսկ Թուրքիան տարբեր պատրվակներով ձգձգի վավերացման գործընթացը, եւ մենք ստիպված լինենք հետադարձ քայլ անել։ Հայաստանն այս պարագայում ոչինչ չի կարող անել, բացի մեկ քայլից՝ վավերացնել այդ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանից հետո. այլ անելիք չունի։ Մյուս կողմից, եթե Թուրքիան փորձի խախտել պայմանավորվածությունները, դրանով ո՞ւմ է խաբում՝ Հայաստանի Հանրապետությա՞նը։ Համոզված եմ, որ ոչ՝ նախեւառաջ խաբում է Միացյալ Նահանգներին, խաբում է Եվրոպային, խաբում է միջազգային հանրությանը, խաբում է աշխարհաքաղաքական կենտրոններին, եւ պատասխանատվությունը, թեկուզ բարոյական, կրելու է նրանց առջեւ»։

«Ժամանակ»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված Զոյա Թադեւոսյանը մեկնաբանել է կուսակցությունում ընթացող զարգացումները. - «Մինչեւ վերջերս իմ համոզմունքն այն էր, որ «Ժառանգություն»-ն իրավամբ ընդդիմադիր կուսակցություն է, եւ ես այն հավատամքն ունեմ, որ մեր երկրում առկա բոլոր տեսակի արհավիրքները հնարավոր է կանխել միայն միացյալ ընդդիմության ուժերով: Սակայն, երբ ՀՅԴ-ի հետ համագործակցության որոշում կայացվեց, ես հասկացա, որ «Ժառանգություն»-ը գնում է միանգամայն այլ ճանապարհով, փոխանակ համագործակցելու անցյալ տարվանից ձեւավորված միացյալ ընդդիմության հետ: Եվ երբ որոշում էր կայացվում ՀՅԴ-ի հետ համագործակցության վերաբերյալ, իմ նախկին կուսակիցները գիտեին իմ եւ իմ մյուս ընկերների բացասական վերաբերմունքի մասին դեպի այդ համագործակցությունը: Եվ կարելի է ենթադրել, որ մեզանից ազատվելը այդ համագործակցությանը խանգարողներին ճանապարհից հեռացնելն էր, ինչ, փաստորեն, հաջողվեց նրանց»:

«Իրավունք»-ի մեկնաբանը հարցնում է Տիգրան Կարապետյանին. - «Դաշնակցությունը եւ եւս 11 քաղաքական այլ ուժեր, այդ թվում նաեւ Ժողովրդական կուսակցությունը, հանդես եկան հայտարարությամբ, որ հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարելու են մեծ ճակատով: Ինչ եք կարծում, այդ միասնական ուժերով հնարավոր է արդյունքի հասնել, թե դա էլ մի հերթական քայլ էր, որն արվեց ընդամենը իմիտացիայի համար»: Կարապետյանը պատասխանում է. - «Առաջինը, ի՞նչ է նշանակում միասին պայքարել: Մենք ոչ մեկին չենք միացել, այլ ուղղակի ստորագրել ենք մեր ոչը: Դա միանալ չէ: Գուցե նրա՞նք են մեզ միացել: Եթե մենք թղթի տակ ստորագրել ենք, դա ինչ է նշանակում՝ միանա՞լ, ես պետք է գնամ «Ժառանգության» հետ միանա՞մ, էդ էր պակաս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG