Մատչելիության հղումներ

Երեւանում համերգով հանդես կգա Uriah Heep-ը


Հոկտեմբերի 16-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա բրիտանական աշխարահռչակ ռոք խմբի` Uriah Heep-ի համերգը:

Համերգի կազմակերպիչները՝ «Վիբրոգրաֆուս» ընկերության, «Արզնի» հանքային ջրերի գործարանի եւ «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչները հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին, որ համերգը նվիրված է Uriah Heep-ի ստեղծման 40-ամյա հոբելյանին եւ «Շանթ»-ի 15-ամյակին:

«Այս համերգը հովանավորներ չունի, հովանավորները մենք ենք` կազմակերպիչներս եւ ունկնդիրները, համերգի մասնակիցները», - ասաց «Վիբրոգրաֆուս» ընկերության նախագահ Վարդան Գրիգորյանը՝ շեշտելով, որ համերգը բարեգործական է, քանի որ համերգից ստացված շահույթն ամբողջովին տրամադրվելու է աղետի գոտու բնակֆոնդի վերականգնմանը:

Խումբը, մինդեռ, կստանա նախապես համաձայնեցված հոնորարը, որովհետեւ, ինչպես նշեցին կազմակերպիչները, իրենք չեն ցանկացել խնդրել խմբի անդամներին բարեգործական ակցիա կատարել:

«Չուզեցինք խնդրել, եւ այդ պատճառով միայն մեր` կազմակերպիչներիս հասույթն է ամբողջովին տրամադրվելու աղետի գոտու բնակարանային ֆոնդի վերականգնմանը», - ասաց Վարդան Գրիգորյանը:

«Արզնի» հանքային ջրերի գործարանի ներկայացուցիչ Հովսեփ Մանուկյանը հավելեց, որ այս ծրագիրը իրենց շատ է հրապուրել հենց այս` բարգործական առումով:

Դե իսկ «Շանթ» հեռուստաընկերության ներկայացուցիչ Անդրե Սիմոնյանի խոսքով, իրենք ուզեցել են պարզապես ազգին անակնկալ մատուցել` մի կողմից ռոքի սիրահարներին, մյուս կողմից՝ Գյումրիի աղետյալ բնակչությանը։

Uriah Heep-ը մեկուկես ժամ տեւողությամբ երեւանյան համերգին կներկայացնի իր վերջին` 2008 թվականի ալբոմի երգերը:
XS
SM
MD
LG