Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. «Սերժ Սարգսյանը հեռանալու է մինչեւ իր ժամկետավարության ավարտը»


Ալեքսանդր Արզումանյան

Ալեքսանդր Արզումանյան

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը համոզված է, որ նախագահ Սերժ Սարգսյանն ընդամենը իր պաշտոնը չկորցնելու համար է գնում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եւ դա է պատճառը, որ նա պատրաստ է արտաքին ճնշումների ներքո ստորագրել Հայաստանի համար ոչ նպաստավոր արձանագրություններ:

«Այդ մարդը [Սերժ Սարգսյանը] ոչ նպաստավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ երկրի ապագայի համար: Այդ հանցավոր ռեժիմը նպաստավոր չի կարող լինել եւ պատրաստ է գնալ ցանկացած քայլի», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը հայտարարեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ չի միանում Դաշնակցության նախաձեռնած գործողություններին, մարտի 1-ի իրադարձություններից հետո Ազգային անվտանգության մեկուսարանում 1 տարի 7 ամիս անցկացրած Ալեքսանդր Արզումանյանը արձագանքեց, թե «իմիտացիոն» գործընթացների չի մասնակցում, եւ «որեւէ տարբերություն չկա` Էդվարդ Նալբանդյանին կփոխեն, թե նրա վարորդին», - բացատրեց նա:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, ՀՅԴ կուսակցությունը չի պահանջում նախագահի հրաժարականը, քանի որ, «11 տարի շարունակ օգտվում է ոչ լեգիտիմ իշխանությունների առաջարկած հնարավորություններից, բարիքներից, փող է աշխատում». - «Օպոզիցիոն դաշտի ելումուտ է. մեկ մտնում են, մեկ դուրս գալիս, շուտով կլինի արտահերթ ընտրություն, նորից կմտնեն կոալիցիա: Դա ապրելաոճ է, փեշակ: Ցեղասպանության ճանաչումն ու Հայ դատը նրանց համար փեշակ է»:

Նախկին արտգործնախարարը մեկնաբանեց նաեւ Դաշնակցության եւ «Ժառանգության» այն պնդումները, թե այս փուլում անիրատեսական է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը` նշելով, որ դա պարտվողական եւ անընդունելի որոշում է:

«Դա պարտադիր է և լինելու է: Կասկած անգամ չունեմ, որ Սերժ Սարգսյանը հեռանալու է մինչեւ իր ժամկետավարության ավարտը», - հավելեց Ալեքսանդր Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի` սփյուռք կատարած այցելություններին, որոնք ուղեկցվեցին բողոքի ակցիաներով եւ ոստիկանների ու ցուցարարների բախումներով: Նա նշեց, որ «ցավով եւ ամոթով է վերաբերվում այդ այցելություններին եւ չի հիշում, թե որեւէ երկրի նախագահ նման ամոթալի վիճակում հայտնված լինի»: «ՀՀ նախագահը այցելում է օտար երկիր, եւ այդ երկրի բանակն ու ոստիկանությունը պաշտպանում է նրան իր իսկ հայրենակիցներից», - հավելեց նա:

Ալեքսանդր Արզումանյանի համոզմամբ` Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն Հայաստանի Հանրապետության ճակատագիրը եւ հայ - թուրքական սահմանի բացման հարցը, բայց Ցեղասպանության ճանաչման հարցում, ըստ նրա, Հայաստանը պարտավոր է լսել սփյուռքի կարծիքը, քանի որ հենց ցեղասպանության հետեւանքով են այդ մարդիկ այսօր սփռված աշխարհով մեկ: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, նրա փոխանցմամբ` այն պետք է բացվի. - «Դա անհրաժեշտ է թե' Հայաստանին եւ թե' Թուրքիային, այլ հարց է, թե այդ սահմանը ինչ նախապայմաններով է բացվում»:
XS
SM
MD
LG