Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց արձանագրություններին


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի` հինգշաբթի օրը կայացած ընդլայնված նիստի բոլոր մասնակիցները իրենց աջակցությունն են հայտնել հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններին:

Հայաստանի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած նիստին բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից մասնակցել են նաեւ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նիստում քննարկվել են Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն ու այդ ուղղությամբ Հայաստանի առաջիկա անելիքները, ամփոփվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ ծավալված հանրային քննարկումները, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը:

Բացելով նիստը` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.

«Մեկ շաբաթվա ընթացքում ես այցելեցի հայկական սփյուռքի առանցքային կենտրոններ` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով: Կարծում եմ, մեզ հաջողվեց ապահովել հրավիրյալների այնպիսի շրջանակ, որը թույլ տվեց ապահովել կարծիքների ու մոտեցումների լայն սպեկտր: Մեզ համար շատ կարեւոր էր լսել բոլոր հնարավոր մոտեցումները եւ ստանալ ողջ հնարավոր խորհրդատվությունն այս հարցում: Կարծում եմ դա մեզ հաջողվեց:

Ուղեւորության ընթացքում հաճախ էր հնչում այն հարցը, թե արդյո՞ք այս խորհրդակցություններն ուշացած չեն, հաշվի առնելով, որ արձանագրություններն արդեն նախաստորագրված են: Կարծում եմ` այդպես կարող են մտածել միայն այն մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են, որ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ավարտվում է արձանագրությունների նախաստորագրմամբ: Իհարկե դա այդպես չէ: Ինձ համար Սփյուռքում կայացած քննարկումները չափազանց կարեւոր էին նախաստորագրումից ստորագրում, ստորագրումից վավերացում եւ վավերացումից իրագործում բարդ եւ աշխատատար շղթայի յուրաքանչյուր օղակում մեր ռազմավարությունն ու մարտավարությունը ծրագրավորելու առումով:

Հանդիպումների ժամանակ հաճախ էր հնչում այն մտահոգությունը, որ Հայաստանը չունի բավարար ռեսուրսներ` մարդկային, ֆինանսատնտեսական, քաղաքական այդ հարաբերությունները որպես հավասարը հավասարի հետ կազմակերպելու առումով:

Կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է: Այո, մենք ունենք մեր ռեսուրսները մոբիլիզացնելու, նաեւ Սփյուռքի ներուժը լիարժեք կերպով օգտագործելու անհրաժեշտություն: Բայց այդ փաստարկը չի կարող, ըստ ինձ, բավարար լինել մեր երկրի ներսում ինքնամփոփվելու համար:

Կային մտահոգություններ, որ հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը կարող են բերել տնտեսական եւ դեմոգրաֆիական էքսպանսիայի: Կարծում եմ դա նույնն է, ինչ ենթադրել, որ գլխացավի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատումն է:

Ես առիթ ունեցա վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ մենք չենք համարում, որ արձանագրությունները կարող են ընթերցվել որպես Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի բանակցային դիրքերը կաշկանդող փաստաթղթեր: Ավելին, ես վերահաստատեցի մեր մոտեցումը հնարավոր կարգավորման պայմաններին` առանց որեւէ սահմանափակման ազատ կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից իր իրավական կարգավիճակի որոշում: Կարեւորում եմ, որ դա եւս մեկ անգամ վերահաստատեց ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման, որի հետ հեռախոսազրույց եմ ունեցել Լոս Անջելեսում գտնվելու ժամանակ: Այս հարցում հասկանալի են ե'ւ մեր հայրենակիցների մտահոգությունները, ե'ւ Թուրքիայի ղեկավարության կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները: Իհարկե, մեր փոքր տարածաշրջանում բոլոր գործընթացները կարող են իրար վրա ազդեցություն ունենալ: Խոսքն այլ բանի մասին է` մենք պատրաստ չենք եւ երբեւէ չենք գնալու միակողմանի զիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում` անկախ այն բանից, թե դրա դիմաց մեզ ինչ կարող է առաջարկվել:

Հիմնական մտահոգություններից հաջորդը Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում իբր հնարավոր նահանջն է: Կարծում եմ` ակնհայտ է, որ որեւէ հայ մարդ երբեւէ չի կարող չբարձրաձայնել մեր` աշխարհասփյուռ եւ սեփական կենսատարածքից զրկված ժողովուրդ լինելու պատճառները: Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում մենք պարտականություն ունենք եւ այդ պարտականությունը կատարելու ենք մինչեւ վերջ:

Ինձ համար ցավալի էր, որ զգացմունքների ալիքի վրա մեր քույրերից եւ եղբայրներից մի քանիսը կորցրեցին իրենց քայլերի գաղափարական հենքը: Եթե մեր բոլորի արդար պահանջը Հայաստան - Թուրքիա հարաբերություններում Ցեղասպանության փաստի ընդունման կարեւորության բարձրաձայնումն է, ապա հենց դրան էր, որպես խորհրդանիշ, ուղղված իմ համահայկական ուղեւորությունը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ Ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց սկսելու նպատակը: Ակնկալում էի, որ պետք է ոչ թե 100 հոգանոց սադրանքով, այլ բազմահազարանոց ցույցով ի հայտ դնեինք մեր համախմբվածությունն ու դիրքորոշումն այս հարցում:

Եվ, վերջապես, կար մտահոգություն առկա սահմանների ճանաչման հարցում: Իմ պատասխանը նույնն էր` տարածքային պահանջներ ներկայացնելը հարաբերություններ կարգավորելու լավագույն սկիզբը չէ: Կան 21-րդ դարի քաղաքական մշակույթի իրողություններ, որոնք պարտավոր ենք հաշվի առնել: Ես նաեւ առիթ ունեցա ընդգծելու, եւ բազմիցս լսեցի նաեւ սփյուռքահայ մեր քույրերի եւ եղբայրների այն արդար մոտեցումը, որ հայ - թուրքական հարաբերությունները շատ ավելի լայն են, քան Հայաստան - Թուրքիա հարաբերությունները:

Սփյուռքում ես լսեցի նաեւ սատարման եւ խրախուսման բազում խոսքեր: Չեմ ուզում դրանց առանձին անդրադառնալ, քանի որ ստորագրման ողջ պատասխանատվությունը կրում ենք մենք, որպես պետություն եւ պետական այրեր, եւ մենք չենք պատրաստվում պատասխանատվության բեռը դնել որեւէ մեկի վրա: Իմ նպատակը բնավ այն չէր, որ վերադառնալով համահայկական ուղեւորությունից ասեմ, որ ողջ Սփյուռքը կողմ է Հայաստան - Թուրքիա առկա արձանագրությունների ստորագրմանը»:

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը նիստից հետո փոխանցեց, որ արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում պահպանվում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը որեւիցե առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ»:

Դիտարկմանը, թե օրերս Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է առաջ գնալ, երբ լուծվի Ղարաբաղյան հակամարտությունը, Բաղդասարյանը արձագանքեց. - «Ինչ որ նրանք են ասում, մենք էլ մեր տեսակետն ենք հստակ հնչեցնում: Հիմա էլ հնչեցնում եմ, օրինակ, ես՝ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ՝ անկախ նրանից, թե ինչ են հայտարարում ուրիշները»:

Պատմական հարցերով ենթահանձնաժողովի կապակցությամբ Բաղդասարյանը ասաց. - «Այդ ենթահանձնաժողովի ստեղծումը չափազանց կարեւոր նշանակություն կարող է ունենալ հարցի միջազգայնացումը խորացնելու համար, որովհետեւ այդ ենթահանձնաժողովում կարող են տեղ գտնել ոչ միայն հայ եւ թուրք մասնագետները, այլեւ այլ երկրների մասնագետներ: Դա շատ լավ հնարավորություն է հարցը միջազգայնացնելու, մեր ձեռքի տակ եղած փաստերը ի ցույց դնելու եւ խոսելու Ցեղասպանության հետեւանքների վերացման մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG