Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բեռնար Կուշների հետ եւ ելույթ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշների հետ:

Այս տարվա ընթացքում դա նախարարների երկրորդ հանդիպումն էր:

Նալբանդյանը եւ Կուշները հանգամանալից զրույց են ունեցել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ, մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման եւ հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ:

Բեռնար Կուշները ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը եւ հույս հայտնել, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ:

Հանդիպումից առաջ արտգործնախարարները ստորագրել են Հայաստանի եւ Ֆրանսիայի կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր, որը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն, Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհին առաջին քայլն է:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 35-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

Հայաստանի արտգործնախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով, որում անդրադարձել է Հայաստան - ՅՈՒՆԵՍԿՕ գործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:

Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներին հակառակ, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը եւ կոչ արել միջազգային հանրությանը համատեղ քայլեր ձեռնարկել նման գործողությունները կանխարգելելու համար:

Հայաստանի արտգործնախարարը երեկ հանդիպումներ է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ:

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հրավիրել է այցելել Հայաստան:

Հոկտեմբերի 7-ի երեկոյան Հայաստանի արտգործնախարարը ավարտել է աշխատանքային այցելությունը Փարիզ եւ ուղեւորվել Քիշնեւ, որտեղ այսօր կմասնակցի ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, ապա նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի ԱՊՀ-ի երկրների ղեկավարների նստաշրջանի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG