Մատչելիության հղումներ

logo-print

Քիշնեւում կկայանա Սարգսյան - Ալիեւ հանդիպումը


Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Մոսկվայում, 17 հուլիսի, 2009

Սարգսյան - Ալիեւ հանդիպումը Մոսկվայում, 17 հուլիսի, 2009

Հինգշաբթի երեկոյան Քիշնեւում` Մոլդովայում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում, կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը:

Ղարաբաղյան հակամարտության շուրջ այս բանակցությունների ավարտից հետո նախատեսված է, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը հանդես կգան հայտարարությամբ եւ կպատասխանեն լրագրողների հարցերին:

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը վերջին անգամ դեմ առ դեմ ձեւաչափով հանդիպել էին հուլիսի 17-ին Մոսկվայում, եւ այդ հանդիպումը տեւել էր շուրջ երկուեւկես ժամ:

Մոսկովյան հանդիպման ավարտին համանախագահները ասել էին, թե աննախադեպ բաց բանակցություններ են տեղի ունեցել:

Հոկտեմբերի 8-ի հանդիպման նախօրեին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Բաքվում հայտարարել էր, որ որեւէ փաստաթուղթ միջնորդները չեն նախապատրաստել ստորագրելու համար:

Քիշնեւում նախատեսված է նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Նատալյա Տիմակովան` հավելելով, թե որեւէ լուրջ առաջընթաց Մոլդովայի մայրաքաղաքում չի արձանագրվի, եւ «սա ընդամենը եւս մեկ քայլ է այս բարդ գործընթացում»:

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, մինչդեռ, լուրջ արդյունքներ ակնկալում է քիշնեւյան հանդիպումից: Ամերիկացի դիվանագետը չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ բանակցություններում վերջերս նշմարվող առաջընթացը շոշափելի արդյունքների կհանգեցնի Մոլդովայում կայանալիք հանդիպման ընթացքում»:

Հայաստանի նախագահը հինգշաբթի օրը Քիշնեւ է ժամանելու Դոնի Ռոստովից:

Հայաշատ Դոնի Ռոստովը Սերժ Սարգսյանի մեկշաբաթյա համահայկական ուղեւորության վերջին հանգրվանն էր:

Այստեղ նա չորեքշաբթի օրը հանդիպել է Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր մոտ 250 մարդ, այդ թվում նրանք, ովքեր դեմ են հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Հանդիպման ժամանակ արձանագրություններին դեմ է արտահայտվել նաեւ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Դոնի Ռոստովում Հայաստանի նախագահին չեն դիմավորել բողոքի ցույցով` ի տարբերություն նրա համահայկական ուղեւորության նախորդ բոլոր կանգառների` Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես եւ Բեյրութ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG