Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 8-ի մամուլ


«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. - «Հնարավոր չէ «հայ-թուրքական հարցում» լինել ընդդիմադիր, իսկ մնացած հարցերում՝ իշխանամետ: Հնարավոր չէ 11 տարի առատորեն օգտվել «իշխանական կերակրատաշտից», ձեռք բերել բիզնեսներ, շքեղ բնակարաններ, ջիպեր եւ այլ բարիքներ, իսկ ահա երբ եկավ «ազգային խնդիրների» հերթը, կերած-խմածը բարեհաջող մարսելով, հանկարծ հանդես գալ անբիծ ազգասերի իմիջով: Հնարավոր չէ լռել մարտի 1-ի սպանդի մասին, նպաստել սպանության հանգամանքների կոծկմանը, իսկ հետո ինքնահռչակվել «ազգյաին երազանքի» ջատագով: Ի՞նչ է, մարտի 1-ին սպանվածները մեր ազգից չէին: Կամ գուցե իրենց քաղաքական հայացքների համար այսօր նստած մարդիկ օտարազգի՞ են: Արհամարհել այդ մարդկանց իրավունքները եւ զբաղվել ազգի վերացական իրավունքներով՝ դա իսկապես իմիտացիա է: Նույնը կարելի է ասել մեր սփյուռքյան կառույցների մասին: Այսօր նրանք, չգիտես ինչու, «քունը կորցուցած են»: Բայց մարտի 1-ից հետո նրանցից ոչ մեկը չբողոքեց եւ չընդվզեց՝ այդ ինչո՞ւ էիք սպանում մեր եղբայրներին, այդ ինչո՞ւ 20 օր չէիք թողնում, որ թերթերը գրեն այն, ինչ ուզում են: Թե՞ սա ազգային հարց չէ»:

Սփյուռքի մասին «Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, ինչ այսօր կատարվում է սփյուռքում, անշուշտ, բավական ուշագրավ վերլուծությունների նյութ է: Նախ՝ պետք է արձանագրենք, որ սփյուռքը միատարր մարմին է՝ շունչ ու հոգի ունեցող, որին մենք առայսօր թերագնահատել ենք, որպես կթու կով դիտել, «ախպար» անվանել եւ նրա հայրենասիրական զգացումները հումորի թեմա դարձրել: Պարզվեց՝ նարինջ ուտողների այդ զանգվածը կարող է նաեւ բնավորություն ցուցադրել, ընդվզել, երբ դիպչում ես նրա նվիրական զգացումներին: Մյուս հետեւությունը, որ այս դեպքերից կարելի է անել, այն է, որ սփյուռքը իր պահանջներն ունի հայրենիքից ու հայրենիքը կառավարողներից եւ չի պատրաստվում դրանցից հրաժարվել»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նամակով դիմել է կուսակցության անդամներին՝ ներկայացնելով ու հիմնավորելով իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Նամակում մասնավորապես ասվում է. - «Առաջանում է նուրբ հարց` կապված Սփյուռքի հետ, արդյո՞ք պետական պրագմատիզմը` կապված Թուրքիայի սահմանը բացելու հետ, որը խիստ անհրաժեշտ է Հայաստանի համար, չի առաջացնում շահերի հակասություն Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ եւ հետագայում չի՞ օտարի արդյոք Սփյուռքին Հայաստանից։ Պետք է հստակ հասկանալ, որ ներկայացված փաստաթղթերը ստորագրվում են Թուրքիայի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ, եւ ոչ թե աշխարհասփյուռ հայության եւ Թուրքիայի միջեւ, դա նշանակում է, որ Սփյուռքը, ընկալումով վերաբերվելով Հայաստանի դիրքորոշմանը, Հայաստանի անմիջական աջակցությամբ պետք է վարի ինքնուրույն քաղաքականություն Թուրքիայի հետ` որպես մեր ժողովրդի այն հատված, որը Ցեղասպանության պատճառով զրկվելով իր հայրենիքից եւ ունեցվածքից, մինչեւ այժմ գտնվում է վտարանդի վիճակում եւ իր իրավունքների պահանջատերն է Թուրքիայի առջեւ, միջազգային հանրության առջեւ»։

«Հայք»-ը խմբագրականում գրում է. - «Եթե ունենայինք անկախ սոցիոլոգներ, ապա մեզ համար պարզ կլիներ նաեւ, թե հայաստանցիների քանի տոկոսն է կողմ, որ հայ ժողովրդի համար նուրբ այս հարցը կարգավորեր լեգիտիմություն չունեցող վարչախումբը: Իսկապես հետաքրքիր է, թե ՀՀ քաղաքացիների քանի տոկոսն է կողմ, որ սահմանը բացվի նախապայմաններով կամ կա՞ն մարդիկ, որ հավատում են, թե Թուրքիան նախապայմաններ չի առաջադրել, եւ որ Ղարաբաղի հարցի կարգավորումը որեւէ կապ չունի սահմանի բացման հետ: Մենք այդպես էլ հստակ պատկերացում չունենք, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը: Իսկապես այս իրարանցման մեջ դժվար է հասկանալ, թե ժողովուրդն ընդհանրապե՞ս չի ուզում սահմանը բացվի քանի դեռ թուրքերը ներողություն չեն խնդրել ցեղասպանության համար, թե՞ պարզապես չի ցանկանում, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծվի: Վարչախումբն էլ ամեն ինչ անում է, որ թացն ու չորը խառնվի իրար եւ քննարկումը վերածվի ասիական բազարի: Մենք կանգնած ենք բախտորոշ իրադարձությունների շեմին բոլորովին անպատրաստ»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Ինքնախաբեության ու ինքնաոչնչացման կնմանվի նաև ներքին խնդիրներն արտաքին-քաղաքականով նենգափոխելը: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու զարգացմանն ուղղված Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը միմիայն ներքաղաքական խնդիրներով պայմանավորելը թույլ չի տալիս տնտեսական ճգնաժամը: Ճգնաժամ, որը համակարգային-կառուցվածքային է, չկա վերադարձ նախկին վիճակին: Քոչարյանական տասնամյա մոդելի ռեսուրսներն սպառված են. Քըրքորյանի փողերը, այլ աղբյուրներից հսկայական ֆինանսական հոսքերը շինանարության ոլորտ, տրանսֆերտների հույսին մնալն այլևս ժամանակավրեպ է. աշխարհը թևակոխում է նոր իրականություն, զարգացման նոր փուլ, գլոբալ աշխարհատնտեսական միտումների արդյունքն է այսօրվա հայ-թուրքական մերձեցումը: Սահմանի բացումն ու տարածաշրջանային նոր իրողությունների անհրաժեշտությունը նախևառաջ հետճգնաժամային Հայաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական անվտանգության խնդիրն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG