Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի տեսակետը արձանագրությունների հարցում անփոփոխ է


ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արխիվ:
ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, արխիվ:

«Հանրապետական կուսակցության տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում անփոփոխ է, որովհետեւ Հանրապետականը նախաստորագրված արձանագրություններում որեւէ նախապայման չի տեսնում», - չորեքշաբթի օրը հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Սփյուռքում կազմակերպվող բողոքի ակցիաները Սերժ Սարգսյանին չեն համոզել, որ սփյուռքահայերի զգալի մասը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին։

Շարմազանովը հավելեց, թե նախագահի ուղեւորության նպատակը չի եղել «հաշվել, թե Սփյուռքում նախաստորագրված արձանագրություններին քանի կողմ կամ քանի դեմ մարդ կա», պարզապես Սերժ Սարգսյանը ցանկացել է լսել սփյուռքահայերի մտահոգություններն ու կարծիքը։

Հարցին, թե ստացվում է, որ Սերժ Սարգսյանը լսում է Սփյուռքի կարծիքները, բայց դրանց հետ հաշվի չի՞ նստում, նախագահի գլխավորած իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց. - «Մենք հաշվի ենք նստում Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքի հետ, բայց մի բան պետք է բոլորս գիտակցենք, որ քաղաքական որոշումը Հայաստան - Թուրքիա հարաբերություններում պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը եւ համապատասխան պետական ինստիտուտները»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղարը անդրադարձավ նաեւ նախագահի հասցեին հնչած քննադատությանը: Մասնավորապես, ակնարկելով Դաշնակցությանը, Շարմազանովն ասաց, թե իրենք պատմությունից դասեր քաղում են եւ չեն պատրաստվում «Առաջին հանրապետության սխալները կրկնել». - «Մենք չենք ասի, որ թուրքը մեր բարեկամն է, մենք չենք ասի, որ Կովկասի ժողովուրդների պաշտպանը թուրքն է: Մենք ընդամենը ասում ենք, որ 21-րդ դարում, ելնելով տարածաշրջանային անվտանգությունից եւ կայունությունից, նախագահ Սարգսյանը նախաձեռնել է բնականոն հարաբերությունների հաստատում՝ առանց որեւէ նախապայմանի»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը պնդում է, որ եթե այս արձանագրությունները ստորագրվեն, ապա ժողովուրդը դա չի հանդուրժելու եւ բարձացնելու է նախագահի հրաժարականի պահանջ, եւ հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն նման մտավախություն չունի, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. - «Համոզված եղեք, որ եթե նախաստորագրված արձանագրությունները չբխեին Հայաստանի Հանրապետության շահերից, նախագահ Սարգսյանը չէր գնա այդ քայլին... Իսկ «եթե»-ներով հարցերին ես չեմ պատասխանում: Մենք գտնում ենք, որ մենք ճիշտ ենք: Այս քաղաքական քննարկումները ապացուցեցին ինձ, որ մեր ճանապարհը ճիշտ է, մեր ճանապարհը արդարացի է, մեր ճանապարհը պետականամետ ու ազգային է, եւ սրա դրական պտուղները կլինեն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG