Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «չի աջակցի իմիտացիոն ակցիաներին»


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան, արխիվ:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան, արխիվ:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չի մասնակցի հոկտեմբերի 9-ին կայանալիք երթին՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, որը նախաձեռնել են Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու «Ժառանգություն»-ը:

«Ցավոք սրտի, Դաշնակցության եւ նրան միացած մյուս ուժերի ակցիաները մենք լուրջ չենք համարում», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ շարունակելով. - «Շատ պարզ թեստ գոյություն ունի. այն պահից, երբ Դաշնակցությունը կամ նրան միացած ուժերը պահանջեն ոչ թե [արտգործնախարար] Էդիկ Նալբանդյանի հրաժարականը, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականը, սա լուրջ ազդակ կլինի մեզ, որ նրանք իմիտացիոն պահվածքից, վարվելակերպից, անցնում են դեպի լուրջ քաղաքական պայքար: Մինչեւ հիմա մենք դա չենք տեսնում: Բնականաբար, չենք կարող աջակցել իմիտացիոն ակցիաներին»:

Անդրադառնալով Դաշնակցության հայտարարությանը, որին երեքշաբթի օրը միացան հայաստանյան 11 քաղաքական ուժեր, մասնավորապես, նրան, որ ՀԱԿ-ին դրան միանալու առաջարկություն չի արվել, իսկ ընդդիմադիր դաշինքին մաս կազմող որոշ ուժերին արվել է, Զուրաբյանը չբացառեց, որ դա առավելապես նպատակ է ունեցել պառակտում մտցնել ընդդիմության շարքերում:

«Եղել են փորձեր՝ բանակցելու Կոնգրեսի մեջ եղած կուսակցությունների հետ, ինչը ցույց է տալիս, որ ավելի շատ մտածել են եղած ընդդիմությունը պառակտելու, քայքայելու ուղղությամբ, քան իշխանությունների դեմ լուրջ պայքար տանելու ուղղությամբ», - ասաց Զուրաբյանը:


ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե ինչ գնահատական էլ տան, Դաշնակցությունը պետք է փորձի տապալել արձանագրությունների ստորագրումը, ստորագրելու դեպքում` վավերացումը, վավերացնելու դեպքում էլ` գործածությունը՝ քանի դեռ դրանք պարունակում են Թուրքիայի նախապայմանները։

Իսկ այն կարծիքի կապակցությամբ, թե գործընթացը տապալելու միակ ուղին նախագահի հրաժարականն է, Մանոյանը ասաց. - «Դա Սերժ Սարգսյանի հրաժարականով պայմանավորված չէ: Մեր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելը չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը հրաժարվելու է: Դրա համար նախընտրելի է, որ մենք կենտրոնանանք իրականանալիք խնդիրների վրա… Կգա օրը, որ Սերժ Սարգսյանը կդառնա նորից թեկնածու, այդ ժամանակ պարզ է, որ մենք իրեն քվե չենք տա՝ եթե այս գիծը պահելու է ինքը»:

Մանոյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանի այցը սփյուռքի գաղթօջախներ ձախողված չէ՝ եթե նախագահը գնացել էր սփյուռքահայերին լսելու եւ նրանց տրամադրությունները զգալու, բայց եթե գնացել էր նրանց համոզելու՝ ուրեմն այցը կարելի է տապալված համարել։

Իշխող կոալիցիային մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ողջունելի է համարում ոչ միայն Սերժ Սարգսյանի այցը, այլ նաեւ՝ արտաքին քաղաքական բնագավառում նրա որդեգրած նախաձեռնողականությունը։

Ըստ Բոստանջյանի, գործընթացը սկսվում է առանց նախապայմանների, իսկ եթե ընթացքում Թուրքիան առաջ քաշի նախապայմաններ, ապա Սերժ Սարգսյանը կարող է դադարեցնել բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG