Մատչելիության հղումներ

Լիբանանահայ գործիչը իրատեսական է համարում Հայաստանի նախագահի քայլերը


Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, Lիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիկ Ջերեջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրատեսական համարեց հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի նախագահի քայլերը:

Նա նշեց, որ իրենց կուսակցությունը Հայաստանում գտնվում է ընդդիմադիր դաշտում եւ նախագահի քաղաքականությունը պաշտպանելու առաքելություն չունեն, բայց այս կոնկրետ հարցում ինքը գտնում է, որ նախագահը «անում է այսօրվա պահանջներից ելած իրապաշտ քաղաքականություն»:

Եղիկ Ջերեջյանը մասնակցել է Բեյրութում երեքշաբթի երեկոյան կայացած հանդիպմանը Հայաստանի նախագահի հետ եւ փոխանցեց, որ այդ հանդիպմանը մասնակցում էին Մերձավոր Արեւելքի` Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական համայնքների ավելի քան ութ տասնյակ ներկայացուցիչներ:

Ջերեջյանի փոխանցմամբ, սկզբում խոսել է Սերժ Սարգսյանը եւ ներկայացրել ստորագրվելիք երկու փաստաթղթերի բովանդակությունը` «շեշտելով, որ դրանց մեջ Հայոց ցեղասպանության ճանաչումը հետապնդելու թափը կոտրելու ոչ մի վախ չկա, եւ առավել չափով` այդ փաստաթղեերը բացարձակապես կապ չունեն Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների գործընթացի հետ»:

Սերժ Սարգսյանի խոսքից հետո, ըստ լիբանանահայ գործչի, եղել են բավական շատ հարցադրումներ, գրեթե բոլոր ներկաները ելույթ են ունեցել. - «Նախագահի դեմ հիմնական առարկողները Դաշնակության ներկայացուցիչներն էին»:

Եղիկ Ջերեջյանի փոխանցմամբ` վեճ է ծավալվել հատկապես պատմաբանների հանձնախումբ ձեւավորելու կետի շուրջ: Բավականին շատ մարդիկ ենթադրում են, որ այդ ենթահանձնաժողովի ձեւավորումը նշանակում է հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրականությունը: Հայաստանի նախագահը նորից ասել է, թե այդպիսի վտանգ չկա: «Մարդիկ եղան, որ հավատացին նախագահին, մարդիկ եղան, որ բացարձակապես չհավատացին: Ես անձնապես գնահատում եմ որպես շատ իրապաշտ քաղաքականություն», - ասաց Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG