Մատչելիության հղումներ

Լրացավ Աննա Պոլիտկովսկայայի սպանության երրորդ տարին


Չորեքշաբթի օրը լրանում է ռուսաստանցի հայտնի լրագրող, «Նովայա գազետա» թերթի մեկնաբան Աննա Պոլիտկովսկայայի սպանության երրորդ տարին:

Կրեմլի քաղաքականությունը բազմիցս քննադատած լրագրողը սպանվեց 2006 թվականին` մոսկովյան բնակարանի շքամուտքում:

Քննությունը մինչ օրս չի բացահայտել սպանության մեղավորներին ու պատվիրատուներին, եւ բացահայտման հույսերը, գոնե Պոլիտկովսկայայի հարազատների եւ ընկերների շրջանում, մարում են օր-օրի:

«Երրորդ տարին է արդեն լրանում, եւ ողջ մեր ընտանիքը հետզհետե կորցնում է հույսը, որ մեղավորների շղթան կբացահայտվի», - երեքշաբթի օրը հայտարարել է Պոլիտկովսկայայի դուստրը:

Լրագրողի սպանությունից հետո իրավապաշտպանները եւ լրագրողները մի շարք վարկածներ էին շրջանառում: Դրանց մեծ մասը շաղկապվում էր Չեչնիայի իշխանությունների հետ, որոնց անօրինական գործողությունները Աննա Պոլիտկովսկայան տարիներ շարունակ հետաքննում ու անխնա քննադատում էր:

Շուրջ երկու տարի շարունակված քննությունից հետո, սակայն, դատարանի առջեւ կանգնեցին մարդիկ, որոնց երդվյալ ատենակալները, ի վերջո, անմեղ ճանաչեցին: Գերագույն դատարանը բեկանեց այդ վճիռը եւ նոր դատավարություն նշանակեց:

«Այժմ քննության մեջ շրջանառվում են անուններ, որ մինչ օրս չեն հնչել», - երեքշաբթի օրը հայտարարել է Պոլիտկովսկայայի գործընկեր, «Նովայա գազետա»-ի խմբագիր Սերգեյ Սոկոլովը եւ ընդգծել. - «Կասկածյալների անունները չեն հրապարակվում, սակայն հայտնի է , որ սպանության անմիջական կատարողը` Ռուստամ Մախմուդովը գտնվում է Եվրամիության երկրներից մեկում: Օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող էին դեռեւս այս տարվա ապրիլին ձերբակալել նրան, սակայն չարեցին այդ բանը»:

Սոկոլովի տեղեկություններով` գործի նյութերում արդեն շրջանառվում են սպանության պատվիրատուների եւ կատարողների անունները, ինչը հույս է տալիս, որ հանցագործությունը կբացահայտվի:

«Քննությունը այժմ նոր ուղղությամբ է շարժվում, եւ սա, թերեւս, վերջին հնարավորությունն է որեւէ արդյունք արձանագրելու», - ասել է Պոլիտկովսկայայի որդին:

Որպեսզի իշխանությունները չմոռանան այս գործի մասին եւ պատժեն մեղավորներին, լրագրողի հարազատները եւ ընկերները չորեքշաբթի օրը հերթական ցույցը կանցկացնեն Մոսկվայի կենտրոնում:

Ակնկալվում էր, որ ցույցին կմասնակցի նաեւ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչը, սակայն այցի նախօրեին Ռուսաստանի իշխանությունները մերժել են մուտքի թույլտվություն տրամադրել հեղինակավոր կազմակերպությանը:

«Նրանք պետք է ստանային Ռուսաստանի արտգործնախարարության թույլտվությունը, սակայն չեն ստացել տարբեր պատրվակներով. խոստացել են զանգել, գրել, բայց այդպես էլ թույլ չեն տվել», - փոխանցել է Պոլիտկովսկայայի որդին:

Պաշտոնական Մոսկվան, մինչդեռ, պնդում է, թե մերժել է միջազգային կազմակերպության ներկայացուցչին մուտքի անցագիր տրամադրել, քանի որ վերջինս սխալ էր լրացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG