Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օր ժամանել է իր մեկշաբաթյա համահայկական ուղեւորության վերջին կանգառը` հայաշատ Դոնի Ռոստով, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի հայ համայնքի մոտ 250 ներկայացուցիչների հետ:

Հայաստանի նախագահին դիմավորել է Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը:

Ինչպես ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, հանդիպմանը հրավիրված են Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, մտավորականներ, գործարարներ եւ այլոք:

Որեւէ բողոքի ցույց Դոնի Ռոստովում նախատեսված չէ, սակայն Ռուսաստանի մի շարք հայկական կազմակերպություններ, այդ թվում` «Ռուս - հայկական համագործակցություն» կազմակերպությունը, «Արարատ» միությունը, «Երկրամաս» թերթի խմբագրությունը, հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունները չստորագրելու կոչով դիմել են Հայաստանի իշխանություններին:

Հիշյալ կազմակերպությունների հայտարարությունում, մասնավորապես, ասված է, թե այդ փաստաթղթերում արձանագրված են Թուրքիայի նախապայմանները, մասնավորապես` թուրք - հայկական փաստացի սահմանի ճանաչում, պատմաբանների հանձնաժողովի ստեղծում եւ այլն:

Հայաստանի նախագահը Դոնի Ռոստով ուղեւորվեց Բեյրութից, ուր երեքշաբթի օրը հանդիպում էր ունեցել Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի եւ Ծոցի երկրների հայաշատ համայնքների, ազգային կազմակերպությունների ու կառույցների ավելի քան հարյուր ներկայացուցիչների հետ:

Մինչ հանդիպումը Սերժ Սարգսյանին է այցելել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն ու Արամ Առաջինը զրուցել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ նախաստորագրված արձանագրություններին վերաբերող հարցերի մասին:

Նույն աղբյուրի վկայությամբ` բեյրության հանդիպման մասնակիցները եւս բարձր են գնահատել նախագահ Սարգսյանի
Սերժ Սարգսյանի հանդիպումը Բեյրութում, 6 հոկտեմբերի, 2009
նախաձեռնությունը` այցելելու սփյուռքահայ գաղթօջախներ, լսելու աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչների տեսակետները կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ ու փաստել, որ նախագահի ուղեւորությունը համազգային քննարկումների նոր ինստիտուտի հիմք է դնում:

Սերժ Սարգսյանը Բեյրութում եւս հանդես է եկել ելույթով` անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ հնչեցված հիմնական տեսակետներին ու մտահոգություններին: Այնուհետեւ նախագահը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին:

Սերժ Սարգսյանը օգտակար է գնահատել համահայկական ուղեւորության ընթացքում տեղի ունեցած հանդիպումները եւ նշել, որ բացի հնչող կողմ կամ դեմ փաստարկներից, եղել են նաեւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների հետ կապված շատ արժեքավոր առաջարկություններ:

«Հայաստանի ու Թուրքիայի միջեւ այժմ գոյություն ունեցող անբնական վիճակը օգտակար չէ ո'չ մեզ եւ ո'չ էլ Թուրքիայի համար: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը հնարավորություն կտա ստեղծել մի հարթակ, շատ թե քիչ տանելի մի միջավայր` երկխոսությունն ու բանակցություններն առաջ տանելու համար»,- նշել է նախագահը:

Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հնչող մտահոգություններին` Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նման մտահոգություններ եղել են նաեւ հայ ժողովրդի վերջին քսանամյակի պատմության երկու կարեւորագույն զարգացումների` անկախության հռչակման եւ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի համար մղված զինված պայքարի ժամանակ: «Ու չնայած գոյություն ունեցած մտահոգություններին` վստահությունն ու հավատը սեփական ուժերի նկատմամբ բերեց ցանկալի արդյունքի», - ասել է նա:

Ցեղասպանության հարցի առնչությամբ նախագահը նշել է. - «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է»: Նա նկատել է նաեւ, որ հայ - թուրքական գործընթացի արդյունքում վերջին մեկ տարում էականորեն աճել են Հայոց ցեղասպանությունը փաստարկող հիշատակումներն ու լուսաբանման ծավալը համաշխարհային առաջատար լրատվության միջոցներում:

Անդրադառնալով մտահոգությանը, թե գործընթացի արդյունքում Թուրքիան կարող է դերակատարություն ստանձնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, Սերժ Սարգսյանը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թվականից սկսած»: Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Հանդիպման ավարտից հետո Հայաստանի նախագահը մասնակցել է իր` Բեյրութ կատարած այցելության առիթով տրված ընթրիքին:

Դիմելով ընթրիքի մասնակիցներին` նախագահը, մասնավորապես, ասել է. - «Հայաստանն առաջ է ընթանում։ Այսօր բոլորիս պարտքն է անել առավելագույնը այդ ընթացքն արագացնելու համար, այդ առաջընթացին նոր խթաններ հաղորդելու համար, որովհետեւ, ինչպես Պարույր Սեւակն էր ասում. - «Մենք իրավունք չունենք ուշանալու պատմության գնացքից կամ օդանավից»։ Մեզ անհրաժեշտ են արդիական, ժամանակակից աշխարհին հասկանալի, բայց նաեւ հայ իրականության համար ընդունելի լուծումներ։ Համոզված եմ, որ մեր հավաքական միտքը գտնելու է այդ լուծումները, ինչպես եղել է նախկինում, երբ մենք շատ ավելի բարդ իրավիճակներում գտել ենք ճիշտ ու դիպուկ ելքեր։ Մենք այսօր ունենք պայքարի բազում ճակատներ, բայց մենք՝ Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը, կազմում ենք կուռ եւ միասնական ճակատ։ Այսպիսի ճակատ ունենալով մենք անհաղթ ենք եւ անմահ»։

Հայաստանի նախագահի այցի ընթացքում Լիբանանի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ցույց են անցկացրել հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ:

Հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի ցույց Բեյրութում, 6 հոկտեմբերի, 2009

Դոնի Ռոստովից Սերժ Սարգսյանը կմեկնի Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւ, որտեղ կմասնակցի ԱՊՀ-ի հերթական գագաթնաժողովին, իսկ դրա նախաշեմին` հոկտեմբերի 8-ին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Ինչպես երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG