Մատչելիության հղումներ

Ավարտվեց Արշալույս Հակոբյանի գործով դատաքննության փուլը


Երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արշալույս Հակոբյանի գործով դատական նիստը։ Դատաքննության փուլն ավարտվեց, դատախազ Հունան Բաբայանը մեղադրական ճառը պատշաճ ներկայացնելու համար ժամանակ խնդրեց դատարանից՝ նշելով, թե դատարանին այսօր ներկայացված փաստերը եւս ուսումնասիրելու կարիք կա։

Արշալույս Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, ինչը պատժվում է մինչեւ հինգ տարի ազատազրկմամբ։

Այս գործում 2 տուժողները եւ 3 վկաներից 2-ը ոստիկաններ են։

Մեղադրանքի համաձայն՝ այս տարվա հունիսի 5- ին երկու ոստիկանները, ովքեր հետո գործով տուժող են ճանաչվել, ծանուցագիր են բերել Հակոբյանին, որպեսզի վերջինս ներկայանա ցուցմունք տալու՝ մայիսի 31-ին
Երեւանի ավագանու ընտրություններին Մալաթիա - Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում կատարված միջադեպի կապակցությամբ, որի մասին Հակոբյանը հայտարարություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն։

Ըստ տուժողների, ծանուցագիրը հանձնելու ժամանակ Հակոբյանը սթափ վիճակում չի եղել, առանց որեւէ պատճառի սկսել է հայհոյել, հետո քաշքշել, վառված ծխախոտը նետել է իրենց կողմը։

Արշալույս Հակոբյանը պնդում է, որ իրեն վերագրվող արարքներն ինքը չի կատարել՝ հավելելով, որ իր ազատազրկումն ու իր դեմ հարուցված դատական գործը կապված են իրավապաշտպանի իր գործունեության հետ։

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 16-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG