Մատչելիության հղումներ


«Նա նկատում է կղզին, նրա փուչիկը անհետանում է ամպերի մեջ, ամպի հետևում նա բացահայտում է որոշ հին այբբենական տառերով և երազների կառավարչով բնակեցված չիրականացած երազանքների ափը»:

Սա հատված էր էկրանի վրա արտապատկերված տեքստից, որն օգնում էր հայ հանդիսատեսին հասկանալու ֆրանսիական Ֆիլիպ Ժանտիի թատրոնի «Զիգմունդ ֆոլի» ներկայացման բովանդակությունը: Հանրահայտ բեմադրիչի հերթական արթմնի երազը երեւանյան բեմում էր հոկտեմբերի 5-ին «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում: Դա կախարդական մի պատմություն էր` լի միկրոհերոսներով` մատներ, տիկնիկներ ու իրեր, որոնք խելահեղ ճամփորդության մեջ փնտրում էին հերոսի ձախ ձեռքը: Ներկայացմանը հետեւում էր նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով խոսքեր չգտավ արտահայտելու իր հիացմունքը:

«Պարզապես շշմած եմ` տեսնելով նման վարպետություն, նման տաղանդ», - նշեց նա:

71-ամյա Ֆիլիպ Ժանտին Երեւան չէր եկել, փոխարենը նրա բեմադրած «Զիգմունդ ֆոլի»-ն ու իր թատրոնի ասելիքը հայ հանդիսատեսին փոխանցեցին դերասաններ էրիկ դը Սարիան եւ Ֆիլիպ Ռիշարը: Նրանք ասացին, որ «զարմացած են հայ հադիսատեսի լսելու որակից ու համբերությունից, քանի որ տեքստը շատ էր, եւ բարդ շոու էր”:

«Զիգմունդ ֆոլի»-ի գլխավոր հերոսը ճամփորդում էր ինքն իր ներաշխարհում ու փորձությունների օգնությամբ ձգտում հասնել ինքնաճանաչման: Ներկայացումն արտահայտում էր Ֆիլիպ Ժանտիի թատրոնի ասելիքն ընդհանրապես:

«Մեր ներկայացումը ներքին կոֆլիկտի մասին է` մարդու խնդիրներն իր հետ, անհատականության բաժանումը, պարանոյան, նաեւ այն հնարավորությունը, որ կարելի է հաղթահարել, ընկերանալ ինքդ քեզ հետ, միավորվել ու խաղաղվել, լինել ինչպիսին կաս», - ասաց Էրիկ դը Սարիան:

1000 կգ բեմական հարդարանք ու տեխնիկա, 2 դերասան եւ մեկ տեխնիկական աշխատող. սա Ֆիլիպ Ժանտիի ամենաքիչ ծախսեր պահանջող ներկայացումն էր, որ նա կարողացել էին բերել Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG