Մատչելիության հղումներ

Հայաստանը վճռական է` առաջ շարժվելու Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացում, եւ հորդորում է պաշտոնական Անկարային նույնպիսի քաղաքական կամք ցուցաբերել: Այդ մասին «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք վճռական էինք ամբողջ գործընթացում եւ այժմ էլ վճռական ենք` շարժվելու առաջ», - ասել է Նալբանդյանը` հավելելով. - «Հուսով ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը նույնպիսի կամք կցուցաբերի առաջիկա օրերին եւ ամիսներին»:

Հայաստանի արտգործնախարարը չի հաստատել տեղեկությունը, որ հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ստորագրելու է հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունները, եւ ակնկարկել է, որ թուրք պաշտոնյաները վաղաժամ են հայտարարել հանդիպման մասին:

«Երբ մենք պատրաստ լինենք այդ առումով որեւէ բան հայտարարել, մենք դա կհայտարարենք համատեղ: Սա երկկողմ գործընթաց է: Կողմերից որեւէ մեկը չպետք է միակողմանի հայտարարություն անի», - ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիայում ոմանք ձգտում են նախապայմաններ սահմանել գործընթացում. դրանով իսկ, ինչպես նկատում է «Ֆրանսպրես»-ը, նա պարզորոշ ակնարկել է թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր հայտարարում են, թե հայ - թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում:

«Եթե Թուրքիայում հնչում են հայտարարություններ, որոնք ենթադրում են, որ կարող են լինել որեւէ տեսակի նախապայմաններ, անշուշտ, դրանք [հայ – թուրքական հարաբերությունների] կարգավորման ճանապարհին ստեղծվող լուրջ խոչընդոտներ եւ դժվարություններ են», - ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` շաբաթ օրը արած հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցով բանակցությունները մտել են «վերջնական փուլ», Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հակադարձել է, որ ինքը չի ակնկալում ճեղքում մոտ ապագայում:

«Եթե Ադրբեջանի նախագահը նման բան է ասում, ապա հուսով եմ, որ Ադրբեջանը անհրաժեշտ քայլերը կձեռնարկի այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ», - ասել է Նալբանդյանը:

«Կարծում եմ, բնական է, որ բանակցային գործընթացը կարող է որոշակի ժամանակ տեւել: Եվ ասել, որ վաղը ճեղքում կլինի` ես չգիտեմ, թե որտեղից կարող են լինել նման ակնկալիքները», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններով նախատեսված` պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովին, որի ստեղծումը, ըստ արձանագրությունների ընդդիմախոսների, կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը, Նալբանդյանը շեշտել է, որ այդ ենթահանձնաժողովի միակ նպատակն է լինելու «երկու ազգերի միջեւ փոխադարձ վստահության վերականգնումը»:

«Ասել, թե Հայաստանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը, բացարձակապես ճիշտ չէ... Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության իրողությունը եւ դրա ճանաչման կարեւորությունը», - վստահեցրել է արտգործնախարարը «Ֆրանսպրես»-ին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG