Մատչելիության հղումներ

Երեք ավանդական կուսակցությունները բողոքի ցույցով կդիմավորեն Բեյրութ ժամանող Սերժ Սարգսյանին


Լիբանանահայ երիտասարդների բողոքի ցույցը Անթիլիասում

Լիբանանահայ երիտասարդների բողոքի ցույցը Անթիլիասում

Լիբանանահայ համայնքի երեք ավանդական կուսակցությունները` Դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը եւ Ռամկավար ազատական կուսակցությունը դեմ են հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններին եւ մտադիր են դրանց դեմ բողոքի ցույցով դիմավորել Բեյրութ ժամանող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, նախ Անթիլիասում` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի շրջակայքում, հավաք կանցկացնեն լիբանանահայ երիտասարդական միությունները, ապա համայնքի ներկայացուցիչները նստացույց կկազմակերպեն «Հաբթուր» հյուրանոցի շրջակայքում, որտեղ իջեւանելու է Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

«Հիմնական այս երկու ակցիաներն են, որ հայ քաղաքական երեք կուսակցությունների նախաձեռնությամբ նախատեսված են: Կարգախոսները այս սահմանների մեջ են` մերժել նախապայմանները, արձանագրությունների մեջ քողարկված նախապայմաններին տեղի չտալ եւ արձանագրությունները մերժելով` կոչ անել չստորագրելու», - ասաց Քանդահարյանը:

Միջոցառումները նպատակ ունեն շրջել Թուրքիայի կողմից պարտադրված խաղի կանոնները եւ բացառել հայկական դաշտի պառակտմանն ուղղված քայլերը, - հայտարարում են լիբանանահայ համայնքի երեք կուսակցությունները եւ պնդում, թե կշարունակեն բողոքի գործողությունները հանուն հայրենիքի եւ համայն հայության շահերի:

«Նստացույցը ժամը 5-ին է հայտարարված, ճշգրիտ չեմ կարող ասել, թե որքան կտեւի, բայց, համենայն դեպս, թելադրված է կարգապահ, խաղաղ, հանգիստ նստացույց` իբրեւ տեսակետ եւ բողոք արտահայտելու քաղաքակիրթ միջոց», - նշեց «Ազդակ»-ի խմբագիրը:

Ընդգծելով, որ ավանդական երեք կուսակցությունները նախօրեին համատեղ ժողովում արդեն արձանագրել են իրենց դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ եւ մտադիր են բողոքի ձայն բարձրացնել նաեւ նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Շահան Քանդահարյանը, միեւնույն ժամանակ, չբացառեց, որ համայնքում կան նաեւ արձանագրություններին հավանություն տվող ներկայացուցիչներ:

«Բացառված չէ, որ նաեւ լինեն գաղութում գործող հասարակական կազմակերպություններ կամ անձինք, որոնք, համենայն դեպս, սատարեն եւ ողջունեն գործընթացը», - ասաց լիբանանահայ խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG