Մատչելիության հղումներ

logo-print

Բարաք Օբաման սատարում է հայ - թուրքական հարցում Սերժ Սարգսյանի գործադրած ջանքերը


Լոս Անջելեսում գտնվելու ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի վկայությամբ` հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օբամայի նախաձեռնությամբ:ԼՐԱՑՎԱԾ

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Բարաք Օբաման իր սատարումն է հայտնել Հայաստանի նախագահին հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրված ջանքերի համար:

ԱՄՆ-ի նախագահը եւս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է ընթանա առանց որեւէ նախապայմանի եւ չպետք է փոխշաղկապվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին` հայ - թուրքական գործընթացին ցուցաբերվող աջակցության համար, եւ ներկայացրել իր համահայկական ուղեւորությունից ստացած տպավորությունները:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ աշխարհասփյուռ հայության մտահոգությունները եւ մտավախությունները գործընթացի վերաբերյալ բնական են` հաշվի առնելով այն փաստը, որ հայ ժողովուրդը Օսմանյան Թուքիայի կողմից ենթարկվել է Ցեղասպանության, ինչի մասին Բարաք Օբաման բազմիցս է նշել իր ելույթներում:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից կատարված հսկայական միջնորդական աշխատանքի համար, եւ ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը` առաջ շարժվելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի առանցքը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը եւ ընկած է Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքների հիմքում:

Սպիտակ տունը հաստատել է, որ երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի նախագահը զանգահարել է` խրախուսելու Սերժ Սարգսյանի խիզախ ղեկավարումը եւ քաջալերելու նրան` շարունակել առաջընթացը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացում:

«Նախագահ Օբաման ընդգծել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը` կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում», - հայտարարում է Սպիտակ տունը եւ հավելում. - «Բարաք Օբաման իր լիակատար աջակցությունն է հայտնել գործընթացին, որը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ առավել պայծառ ապագա կբերի գործընթացում ներգրավվածներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG