Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանում է Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազյուրի խորհրդի նախագահը


Երեւանում է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ-դ’ Ազյուր տարածաշրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Միշել Վոզելին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ցուցաբերած սկզբունքային դիրքորոշման եւ այդ գործընթացին իր անձնական ներդրման համար։

Հայաստանի խորհրդարանի նախագահը հատկապես կարեւորել է Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուրի տարածաշրջանային խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի միաձայն որոշումը, համաձայն որի խորհուրդը դիմել էր Ֆրանսիայի կառավարությանը եւ Սենատին` առաջարկելով վերջինի օրակարգում անհապաղ ընդգրկել Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ քրեական պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը եւ Միշել Վոզելը անդրադարձել են Լոռու մարզի եւ Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուրի միջեւ համագործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել են կրթության եւ գիտության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի եւ հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG