Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի փոխնախագահը վստահ է, որ սփյուռքահայերը մեծ մասը կողմ է արձանագրությունների ստորագրմանը


ՀՀԿ-ի փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը մամուլի ասուլիսում: 5-ը հոկտեմբերի, 2009թ.
ՀՀԿ-ի փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը մամուլի ասուլիսում: 5-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի համոզմամբ, սփյուռքահայերի մեծ մասը կողմ է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրմանը:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե արդյո՞ք նախագահ Սարգսյանի համահայկական ուղեւորության ընթացքում կազմակերպվող բողոքի ցույցերը չեն վկայում, որ սփյուռքում լուրջ մտահոգություններ կան այդ արձանագրությունների կապակցությամբ, Զոհրաբյանը նախ ասաց, թե ինքը դեմ չէ ցույցերին, եւ շարունակեց. - «Բայց ես դեմ եմ, որ հայերը մի քիչ վիրավորական ձեւով են դա անում... Այ, նախագահն ինքը առաջարկեց, որ կարելի էր գալ, լուռ ձեւով անհամաձայնություն հայտնել, որովհետեւ ի վերջո խոսքը գնում է 15 թվականի Ցեղասպանության մասին, հետագա տարիների մասին: Այսինքն՝ որ մենք նաեւ հիշում ենք, լուռ ենք եւ տխուր ենք, բայց՝ ոչ թե գոռգոռալով»:

«Ամեն դեպքում դա էլ է տանելի, որովհետեւ հասարակության մեջ բոլորը չեն մի խելքի՝ մեկը կարող է բարձր գոռալ, նույնիսկ հայհոյել, մյուսը՝ հանգիստ վերաբերվել», - հավելեց, այդուհանդերձ, իշխող կուսակցության փոխնախագահը: - «Ամեն դեպքում այդ թիվը [ցուցարարների] շատ մեծ չի եղել»:

Զոհրաբյանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 10-ին, եւ եթե ստորագրումից հետո պարզվի, որ դրանք «ի վնաս են Հայաստանի պետական շահերին, ապա կոալիցիան դրա համար պատասխան կտա»:

Հարցին, թե կոնկրետ ինչ ձեւով է պատասխան տալու կոալիցիան, նա արձագանքեց. - «Կյանքը ցույց կտա: Հրաժարականի ձեւով էլ կարող է լինել: Մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը: Դա մեծ պատասխանատվություն է՝ բնականաբար, նախագահի գլխավորությամբ»:

Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով, մտահոգություններ ունեն նաեւ կոալիցիան եւ Հանրապետության նախագահը, բայց դրանով հանդերձ, իրենք գնում են հարաբերությունների հաստատման:

Նրա համոզմամբ, երբ արձանագրությունները ստորագրվեն, Հայատանի կողմից, հավանաբար, առաջարկ կարվի Թուրքիային, որ առաջինը այդ երկրի խորհրդարանը վավերացնի արձանագրությունները:

«Ծանր կողմը թուրքերինն է», - հավելեց նա: - «Նրանք երբ որ հաստատեն՝ մենք կհաստատենք... Ամեն դեպքում ճնշումներ կլինեն ե'ւ մեր վրա, ե'ւ թուրքերի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG