Մատչելիության հղումներ

Հայ - թուրքական հարցում Ամերիկայի հայկական կառույցների կարծիքները միանշանակ չեն


Ամերիկահայերի բողոքի ցույցը Սերժ Սարգսյանի Նյու Յորք այցի ժամանակ, 3 հոկտեմբերի, 2009
Ամերիկահայերի բողոքի ցույցը Սերժ Սարգսյանի Նյու Յորք այցի ժամանակ, 3 հոկտեմբերի, 2009

Ամերիկահայ կազմակերպությունները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում ունեցած հանդիպումներից հետո տարբեր տեսակետներ են հայտնում հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների առնչությամբ:

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ով համակարգում էր Դաշնակցության` Նյու Յորքում կազմակերպած բողոքի գործողությունները, «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակցին ասել է. - «Այս արձանագրությունների շուրջ բանակցությունները ընթացել են գաղտնիության մթնոլորտում: Վեցշաբաթյա ժամկետ է սահմանվել հայկական ու թուրքական կողմերի համար, որպեսզի փաստաթղթերը հավանության արժանանան: Իրականում, սակայն, արձանագրություները որեւէ փոփոխության, նույնիսկ փոքրիկ շտկման ենթակա չեն»:

«Ամերիկահայ երկու առաջատար պարբերականները` «Ասպարեզ»-ը եւ The Armenian Weekly-ն, հարցում են անցկացրել Միացյալ Նահանգներում բնակվող 2400 հայերի շրջանում: Հարցվածների 90 տոկոսը դեմ է արձանագրությունների վավերացմանը: Հարցմանը մասնակցած հայերի 94 թե 95 տոկոսը համարում է, որ արձանագրությունները ավելի բարենպաստ են Թուրքիայի համար», - նշել է Համբարյանը:

Սրան ի պատասխան` արձանագրությունների վավերացմանը կողմ արտահայտվող ամերիկահայ կազմակերպություններից մեկի` «Վարդանանց ասպետներ»-ի ղեկավար Հայկ Դերանյանն ասել է. - «Դա ճիշտ չէ: Ավելի չափավոր դիրքորոշում ունեցող հայկական կազմակերպությունները խիստ վրդովված են այն հանգամանքից, որ Հայ դատի հանձնախումբը հանդես է գալիս ողջ Սփյուռքի անունից: Նրանք հայերի մի փոքր խումբ են ներկայացնում` խումբ, որին հարգանքով եմ վերաբերվում, բայց նրանք հայերի մեծամասնության անունից խոսելու իրավունք չունեն: Ես կարող եմ խոսել միայն իմ եւ իմ կազմակերպության անունից, բայց ոչ` բոլոր հայերի»:

«Հայաստանի կառավարությունը պետք է քաջ գիտակցի, որ Սփյուռքը խնդրին զգացմունքային մոտեցում ունի, քանի որ սկզբից եւեթ իր վրա է զգացել Ցեղասպանության հետեւանքները: Զգացմունքայնությամբ հանդերձ, սակայն, մենք պետք է նաեւ օբյեկտիվ լինենք ու փորձենք այնպես անել, որ աջակցենք հայության ու մեր երկրի բարօրությանը», - ընդգծել է Դերանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG