Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Տվյալ ժամանակի համար կարողացել ենք ստանալ առավելագույնը»


Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 3 հոկտեմբերի, 2009, լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, 3 հոկտեմբերի, 2009, լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Համահայկական ուղեւորության շրջանակներում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի, ինչպես նաեւ Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Գագիկ Հարությունյանը, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` քննարկման մասնակիցները ողջունել են հայաշատ գաղթօջախներ այցելելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը եւ նշել, որ նախագահի համահայկական ուղեւորությունն ու նման ձեւաչափով հանդիպումները, ծավալվող խորքային, բազմակողմանի ու բազմակարծ քննարկումները նոր ինստիտուտ են ձեւավորում` համազգային նշանակության որոշումներ կայացնելուց առաջ աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածների ձայնը լսելու եւ մայր հայրենիքի մոտեցումները Սփյուռքի հայրենակիցներին մանրամասն ներկայացնելու տեսակետից:

Սերժ Սարգսյանը անդրադարձել է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ու նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ հնչող հիմնական մտահոգություններին եւ մեկ անգամ եւս ընդգծել, որ Հայաստանն առաջ է գնում Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առանց որեւէ նախապայմանի:

«Ես կարծում եմ, որ տվյալ ժամանակի համար մենք կարողացել ենք ստանալ առավելագույնը», - նշել է նախագահը` անդրադառնալով այն մտահոգությանը, թե հնարավոր էր հայ - թուրքական բանակցությունների արդյունքում հանգել առավել հայանպաստ փաստաթղթերի:

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ անցյալ տարվա օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադաձություններից հետո, ըստ էության, ստեղծվել է նոր իրավիճակ, ինչն իր հերթին որոշակիորեն նպաստել է հայ - թուրքական քաղաքական երկխոսության առաջմղմանը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կնպաստի նաեւ տարածաշրջանում ընդհանուր լարվածության թուլացմանը եւ փոխադարձ վստահության մթնոլորտի մեծացմանը:

Անդրադառնալով հնչող այն մտահոգությանը, թե մինչեւ վերջ հաշվարկված չեն հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետեւանքները, նախագահն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ: Նա ընդգծել է, որ իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչեւ վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը: «Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչեւ վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության եւ ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ եւս չկային բոլոր հաշվարկներն ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք», - ասել է Սերժ Սարգսյանը:

Տնտեսական էքսպանսիայի մասին մտավախությունները նախագահը համարել է անհիմն` հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում` օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին:

Արեւելյան ափի եւ Կանադայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: «Ցեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները», - նշել է նա:

Հանդիպման մասնակիցներն իրենց կարծիքներն ու մոտեցումներն են արտահայտել նախաստորագրված արձանագրությունների, հարաբերությունների կարգավորմամբ բացվող հնարավորությունների ու առաջացող մարտահրավերների վերաբերյալ: Նույն աղբյուրի վկայությամբ` նրանք համակարծիք են եղել, որ անկախ գործընթացի եւ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ունեցած տարբեր տեսակետներից, մեկ բան ակնհայտ է` Սփյուռքը եղել եւ պարտավոր է լինել Հայաստանի ու Արցախի կողքին:

Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Սերժ Սարգսյանը ասել է. - «Ամենակարեւորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետեւ տեսնում եմ ճիշտ ճանապարհը»: Նախագահը կոչ է արել սփյուռքահայերին` սատար կանգնել հաստատուն քայլերով առաջ տանելու մայր հայրենիքը:

Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Հանդիպումը ուղեկցվել է հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի ակցիայով:










Շարունակելով համահայկական ուղեւորությունը` կիրակի օրը Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսի «Հիլթոն» հյուրանոցի սրահում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արեւմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ:

Խոսելով հայ - թուրքական քաղաքական երկխոսության մասին` նախագահը նշել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ վարվել են
Սերժ Սարգսյանի հանդիպումը Լոս Անջելեսում, 4 հոկտեմբերի, 2009, լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Հայաստանի անկախացումից ի վեր եւ վերջին շրջանում միայն դրանք հրապարակայնացվել են: Սերժ Սարգսյանը ցանկացած բանակցության համար կարեւոր է համարել ոչ միայն դրված նպատակներին հետամուտ լինելու կամքը, այլեւ այն ժամանակային ու իրավիճակային միջավայրը, որում ընթանում են դրանք` վստահություն հայտնելով, որ այն հայկական կողմի համար բարենպաստ է եղել ` ամրագրելու իր առջեւ դրված նպատակները:

Խոսելով նախաստորագրված արձանագրությունների մասին` Սերժ Սարգսյանը նշել է. - «Այո', ես հավատում եմ, որ հնարավոր է նորմալ բանակցել, նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ եւ այդ ամենից ոչ միայն չտուժել, այլեւ` օգուտներ քաղել»:

Հանդիպման ավարտից հետո «Հիլթոն» հյուրանոցի սրահում` ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի այցելության, Հայ բարեգործական ընդհանուր միության կողմից տրվել է ընթրիք, որին մասնակցել են ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ու Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ավելի քան 500 ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG