Մատչելիության հղումներ

Իշխող կոալիցիան ԱԺ-ում ներկայացնող խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ


Իշխող կոալիցիայի կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները ուրբաթ օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում, ողջունելով հայ-թուրքական հարաբերությունների զարգացման գործընթացը, կոչ են անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայությանը «ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»:

«Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթան արագ քայլերով առաջ մղելու նախաձեռնողականությունը միանգամայն իրատեսական դարձրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման ելքը», - ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությունում, որն Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում լրագրողներին ներկայացրեց Հեղինե Բիշարյանը («Օրինաց երկիր»): - «Հստակ է, որ այս գործընթացը չի նշանակում մոռանալ անցյալը, հարցականի տակ առնել Հայոց ցեղասպանության իրողությունը»:

Նախաստորագրված արձանագրությունները, ըստ հայտարարության, «արտացոլում են Հայաստանի առաջ քաշած՝ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումը». - «Իսկ դրանց իրագործումը ոչ միայն չի փակում մեր համազգային նպատակների եւ իղձերի իրականացման որեւէ դուռ, այլ ընդհակառակը՝ ձեւավորում է աշխատանքի նոր հարթակներ ու մեխանիզմներ, ստեղծում նոր հնարավորություններ»:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG