Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ Երեւանի ոստիկանապետի, մարտի 1-2-ին ոստիկանությունը «ինչ-որ սխալներ» թույլ տվել է




Ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը ընդունում է, որ 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում ոստիկանությունը «ինչ-որ սխալներ» թույլ տվել է։

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Նազարյանը, մասնավորապես, ասաց. - «Անսխալ ոչ մեկը չի լինում։ Եղել են, եթե այսօր մի քանի ոստիկաններ դատապարտվում են եւ դատարանի առաջ են կանգնում, ուրեմն ինչ-որ սխալներ թույլ տրվել են։ Մենք երբեք դա չենք ժխտում»

Ըստ Ներսես Նազարյանի, դատավարությունների վերջում, առաջիկա ամսում, պարզ կդառնա, թե որ կողմից քանի մեղավոր է եղել մարտի 1-ին, եւ կպարզվի կոնկրետ ոստիկանների մեղավորության չափը։

Հայաստանի հարցով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից ընդունված նախորդ բանաձեւում պահանջ կա ոստիկանության բերեփոխումներ իրականացնելու մասին։ Ըստ Ներսես Նազարյանի, սակայն, ոստիկանական համակարգում անընդհատ բարեփոխումներ են տեղի ունենում ու իրենք գործընթացից գոհ են։

Երեւանի ոստիկանապետը անդրադարձավ նաեւ ընդդիմության պնդումներին, թե ոստիկանները խոչընդոտում են ընդդիմության հանրահավաքները, ուժ են կիրառում ընդդիմության երթերի եւ հանրահավաքների մասին իրազեկող թռուցիկներ բաժանողների նկատմամբ։ Երեւանի ոստիկանապետը, մասնավորապես, խոսեց երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին։

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքի նախօրեին իրազեկման թռուցիկներ բաժանելու ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ։

Առաքելյանի մեղադրանքի ծավալը օրերս ավելացվեց. նա, մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, որի համար որպես պատիժ սահմանված է 5-10 տարի ազատազրկումը:

«Տիգրան Առաքելյանը այն անձնավորություններից է, որոնք փորձում են ամեն անգամ ինչ-որ հերոսանալ։ Կան երիտասարդներ, որոնք փորձում են հերոսանալ այդ երթերի ժամանակ։ Նրա նկատմամբ կատարված բոլոր գործողությունները օրինական են, իսկ եթե նրա առողջական վիճակը վատ է, մենք տեղյակ ենք, միջոցներ են ձեռնարկվում։ Ինչ է, անպայման պետք է խփեն, գլուխը ջարդեն ոստիկանի, կամ դանակով հարվածեն նրան, որ լինի դիմադրությո՞ւն», - ասաց Նազարյանը։

Երեւանի ոստիկանապետը ներկայացրեց նաեւ այս տարվա առաջին 8 ամիսներին կատարված հանցագործությունների ամփոփումը։ Ըստ այդմ՝ 4 հազար 7 հարյուր հանցագործություն է տեղի ունեցել, ինչը 60 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

«Հանցագործությունների աճը հիմնականում կապված է տնտեսական ճգնաժամի եւ սոցիալական վիճակի հետ։ Այսօր, եթե մենք ասենք ծանր հանցագործությունների աճ է տեղի ունեցել՝ ոչ։ Եւ, օրինակ, խուլիգանության դեպքերը հասարակական վայրերում կապված են նրա հետ, որ աճում են զվարճանքի կենտրոնները», - մեկնաբանեց ոստիկանության Երեւանի վարչության պետ Ներսես Նազարյանը։
XS
SM
MD
LG