Մատչելիության հղումներ

Համանախագահները Ստեփանակերտում հանդիպեցին Ղարաբաղի ղեկավարության հետ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը ուրբաթ օրը ժամանեցին Ստեփանակերտ, որտեղ հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը, մասնավորապես, ասաց, թե հույս ունեն, որ Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը եւս մի նոր հանդիպման հնարավորություն կստեղծի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյո՞ք հստակեցվել եւ համաձայնեցվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հիմնական կետերը, Մերզլյակովը արձագանքեց, որ այո, կարելի է ասել, որ հիմնական հարցերը արդեն հստակեցվել ու համաձայնեցվել են: Միաժամանակ, նա հրաժարվեց պարզաբանել, թե ո՞ր սկզբունքների մասին է խոսքը:

Համանախագահները նաեւ հայտարարեցին, որ հայ - թուրքական հարաբերությունները ոչ մի առնչություն չունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:

Ի պատասխան լրագրողների հարցի, թե ե՞րբ է վերջապես Լեռնային Ղարաբաղը վերադառնալու բանակցային գործընթաց, Բեռնար Ֆասիեն հայտարարեց, թե «դա շատ դժվարին հարց է, որը միայն համանախագահներից չէ կախված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG