Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյանի համար արձանագրությունների ստորագրումը «հրաժարական է հայրենիքից»


Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում: 2-ը հոկտեմբերի, 2009թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում: 2-ը հոկտեմբերի, 2009թ.

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ուրբաթ օրը հայտարարեց, թե այն մարդը, ով կստորագրի կամ ստորագրել կտա հայ-թուրքական արձանագրությունները, հրաժարական կտա ոչ միայն իր պաշտոնից, այլեւ հայրենիքից:

Նորանկախ Հայաստանի առաջին արտգործնախարարը միաժամանակ նշեց, որ իր քաղաքացիական մաղթանքը Սերժ Սարգսյանին այն է, որ նա «չընթանա այդ ընթացքով»:

«Այսօր Ղարաբաղյան շարժման նվիրյալ ղեկավարներից մեկի սեղանին դրված է շատ լուրջ պատասխանատվություն», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հովհաննիսյանը: - «Ով եկել է Հայաստան եւ ստանձնել է կարեւոր պաշտոններ, ով իշխանության եկել է վիճահարույց եւ կեղծված ընտրությունների միջոցով եւ արյան մեծ բեռով: Լեգիտիմությունը եթե չի իրացվել ընտրությունների միջոցով, պետք է դա արվի կոնկրետ հասարակական վստահությունը վայելող, համայն մանդատ ենթադրող քայլերով: Բայց ակնհայտ է նաեւ, որ նա, ով ստորագրի կամ ստորագրել տա այդ փաստաթղթերը, ինքը հրաժարական է տալիս ոչ միայն նախագահի պաշտոնից, այլեւ մեր հայրենիքից»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է անելու «Ժառանգություն»-ը արձանագրությունների ստորագրումը կանխելու համար եւ հնարավոր է, որ կուսակցությունը բարձրացնի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ, Հովհաննիսյանն ասաց, թե դա «ձեւական պահանջ» է, քանի դեռ չկա «քաղաքական ուժերի միասնություն, որը կբերի այդ պահանջի իրացմանը»:

«Ես միշտ դեմ եմ եղել հերթական ցուցադրական պահանջներ կատարել», - ասաց նա: - «Բայց հրաժարականը նաեւ այն բանն է, որ պետք է ինքը հասունանա առարկայորեն, եւ պահանջելը հերիք չէ. գործողություններ պետք է, հասարակական միասնություն պետք է: Ես չեմ ցանկանում դա անձնապես եւ չեմ էլ ուզում ասել, որ ինքն է դա ցանկանում: Բայց դա արդեն գործերով, փաստերով, այդ օրվա գործողություններով կերեւա»:

Հովհաննիսյանն ասաց, որ վերջին շրջանում փորձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ ընդհանուր հայտարարի միջավայր ստեղծել, ինչը, սակայն, չի հաջողվել, եւ դրա համար մեղավոր են թե' «Ժառանգություն»-ը, թե' Դաշնակցությունը եւ թե' Հայ ազգային կոնգրեսը:

Նրա խոսքով, լավ քայլ է, որ «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն համագործակցում են խորհրդարանում, բայց բավարար չէ. անհրաժեշտ է «ավելի մեծ միասնություն»:

Անդրադառնալով ներկուսակցական խնդիրներին՝ «Ժառանգության» հիմնադիրը ասաց, թե գլոբալ առումով կատարվածի մեղավորն ու պատասխանատուն ինքն էր, բայց իր գործընկերները դա չպետք է դիտարկեն իբրեւ «անպատասխանատվության եւ անբարոյական պահվածքի խթան»: Հովհաննիսյանի խոսքով, ոմանք իրենց արտահայտություններով ցույց են տվել, որ վաղուց են հեռացել «Ժառանգություն»-ից:

Նա ասաց, որ գալիք տարեսկզբին պահանջելու է կուսակցության արտահերթ համագումար, որի օրակարգում կդրվեն ոչ միայն համապետական մարտահրավերները, այլեւ «հիմնովին կլուծվեն» «Ժառանգության» ներկուսակցական խնդիրները:

«Այնտեղ նաեւ դրվելու է իմ պատասխանատվության եւ իմ վստահության խնդիրը, եւ ես անդրադառնալու եմ բոլորի վարքին: Եվ այլեւս հերիք է, որ ես ուրիշների անունից՝ լինեն նրանք նախագահ թե համախոհներ թե կուսակից ընկերներ, ես հրաժարական տամ կամ ես ներողություն խնդրեմ: Ամեն մեկը՝ իր համար»:

Հովհաննիսյանն ընդունեց, որ «Ժառանգության» վերջին համագումարում կեղծիքներ եղել են: Շեշտեց, թե, լինելով վարչության նախագահ, չիրականացրեց անհրաժեշտ վերահսկողություն եւ թույլ տվեց շահերի բախում:

«Որոշ մարդիկ, իմ կարծիքով, մտահոգ էին, որ քվորումի խնդիր կլիներ այդտեղ», - շարունակեց նա: - «Իրենք ուզեցին բարի նպատակներով ինչ-որ սխալ գործեր իրացնել, գնալ կեղծիքի ճամփով, որը անընդունելի է»:

Հարցին, թե արդյոք հանդիպել է կուսակցությունից հեռացվածների հետ, Հովհաննիսյանը արձագանքեց, թե հանդիպել ու խոսել է բոլոր նրանց հետ, ովքեր ցանկացել են հանդիպել:

«Ժառանգություն» կուսակցության վարչության սեպտեմբերի 9-ի որոշմամբ կուսակցությունից հեռացված անդամները համոզված են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից չհրաժարվեց ներկուսակցական խնդիրների պատճառով։

Մովսես Արիստակեսյանը, ով համամասնական ցուցակով խորհրդարանում պետք է զբաղեցներ Րաֆֆի Հովհաննիսյանի տեղը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ «Ժառանգության» հիմնադիրը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը, որպեսզի ինքը պատգամավոր չդառնա։ Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը նամակով հորդորել է Արիստակեսյանին հրաժարվել կուսակցության համամասնական ցուցակով իրեն հասանելիք մանդատից. - «Խորհրդապահական նամակ է ուղարկել եւ խորհուրդ է տալիս, որ ավելի լավ է ես գնամ եվրոպաներում աշխատեմ, կամ գնամ 8-րդ ընտրատարածում, որտեղ Հակոբ Հակոբյանն է իր թեկնածությունը դրել մեծամասնական, իմ բախտը փորձեմ ընտրվելու»։
XS
SM
MD
LG