Մատչելիության հղումներ

logo-print

Օհայոյի ընտրական հանձնաժողովը ցեղասպանության հարցով վեճում որոշում կայացրեց ի վնաս հայազգի գործչի


Օհայոյի նահանգային ընտրական հանձնաժողովը հինգշաբթի օրը որոշում է կայացրել, համաձայն որի, կոնգրեսական Ջին Շմիդտի` Թուրքիայի կառավարության եւ վերջինի հովանավորած կազմակերպությունների կողմից փող ստանալու վերաբերյալ ամերիկահայ Դավիթ Գրիգորյանի հայտարարությունները կեղծ են:

2008 թվականի Կոնգրեսի ընտրություններում անկուսակցական Գրիգորյանը հանրապետական Շմիդտի մրցակիցն էր եւ ընտրարշավի ժամանակ վերջինիս մեղադրել էր Հայոց ցեղասպանությունը հերքելու դիմաց Թուրքիայի շահերը պաշտպանող կառույցներից շուրջ 30 հազար դոլար ստանալու մեջ:

Ամերիկյան օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի ընտրական պաշտոնյան կամ ընտրություններին մասնակցող թեկնածուն փող վերցնի օտարերկրյա կառավարություններից կամ օտարեկրացիներից:

Օհայոյի ընտրական հանձնաժողովը քննություն է սկսել Շմիդտի հայցով եւ ի վերջո վճիռ է կայացրել ի վնաս հայազգի գործչի, ում պատրաստվում է հրապարակավ նկատողություն հայտարարել:

Միաժամանակ, հանձնաժողովը մերժել է կոնգրեսականի հայցի այն կետը, որով պահանջվում էր կեղծ ճանաչել նաեւ Գրիգորյանի հայտարարությունը թուրք անհատներից իր գումար վերցնելու վերաբերյալ: Հանձնաժողովի կարծիքով` «անհատ» հասկացությունը կարող է վերաբերել նաեւ թուրքական ծագում ունեցող ամերիկացիներին:

Դաշնային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների համաձայն` 2008 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբեր Շմիդտը «Թուրք-ամերիկյան «Ժառանգություն» քաղաքական գործողության կոմիտե» կազմակերպությունից ստացել էր 3,3 հազար դոլար: Այդ կազմակերպությունը իր նպատակն է հռչակել թուրքական ժառանգությունը Միացյալ Նահանգների էթնիկ խմբերի «զրպարտչական արշավներից» պաշտպանելը` հանրային կարծիքի վրա ազդելու միջոցով:

Չհերքելով հանդերձ այն փաստը, որ Շմիդտը գումարներ է ստացել թուրք - ամերիկյան քաղաքական գործողության կոմիտեներից, հանձնաժողովը համարել է, որ Գրիգորյանը չունի ապացույցներ թուրքական կառավարության կամ վերջինի հովանավորած կառույցների կողմից իր մրցակցի ընտրարշավի ֆինանսավորման մասին պնդումները հիմնավորելու համար:

Ամերիկահայ գործչի փաստաբան Մարկ Գերագոսը քննադատել է հանձնաժողովին խոսքի ազատությունը չպաշտպանելու համար, ինչին Շմիդտի փաստաբան Դոնալդ Բրեյը հակադարձել է, թե «խոսքի ազատությունը սուտ խոսելու եւ ընտրողներին մոլորության մեջ գցելու արտոնագիր չէ»:

Դավիթ Գրիգորյանը պատրաստվում է Կոնգրեսի մանդատի համար Ջին Շմիդտի հետ մրցակցել նաեւ 2010 թվականին` արդեն որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու: 2008 թվականին նա որպես անկախ թեկնածու ստացել էր ձայների 18 տոկոսը` արդյունք, որը, ամերիկահայ գործչի համոզմամբ, անհանգստացրել է Շմիդտին, եւ վերջինս փորձում է վարկաբեկել իրեն նոր ընտրարշավից առաջ:

Օհայոյի նահանգապետ Թեդ Սթրիքլենդը 2007 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը նկատում է, որ Ջին Շմիդտի մեկնաբանությունները, թե ինքը բավարար ապացույցներ չունի Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերը «ցեղասպանություն» անվանելու համար, մոտ են Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG