Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովում հինգշաբթի օրը լսվել է Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցը:

Եվրոպական այս կառույցում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստի ավարտից անմիջապես հետո «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հայաստանի հարցը ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանի օրակարգ մտցնելու մասին որոշում չի կայացվել, թեեւ քննարկման ընթացքում որոշակի առաջարկներ պարտավորությունների կատարման առնչությամբ արվել են:

Հանձնաժողովում նախ ներկայացվել է, թե առ այս փուլը ինչ աշխատանքներ են կատարել Հայաստանի իշխանությունները: Հարցի քննարկման ընթացքում էլ հանձնաժողովն ընդգծել է այն բոլոր առաջնահերթ խնդիրները, որոնց շարունակելու է հետեւել:

Դավիթ Հարությունյանի խոսքով` դրանք այն բոլոր հարցերն էին, որոնք նշվել էին ԵԽԽՎ-ի նախորդ բանաձեւում. - «Մասնավորապես, ոստիկանության ռեֆորմը եւ ընտրական ռեֆորմը՝ օրենսդրության փոփոխությունը մասնավորապես, եւ ռադիոյի, հեռուստատեսության հետ որոշակի անելիքներ կան, ընդհանուր առմամբ` այն բոլոր բարեփոխումները, որոնք սպասում են մեզանից ըստ բանաձեւի»:

Հանձնաժողովում չի քննարկվել 2008 թվականի մարտի 1-2-ի իարադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, որովհետեւ այն դեռեւս թարգմանված չէ, սակայն զեկույցին անդրադառնալու են Մոնիտորինգի հանձնաժողովի մոտակա նիստերից մեկում:

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ` հանձնաժողովը ոստիկանության գործողությունների վիճարկման հետ կապված անկախ մարմին ձեւավորելու հարց է բարձրացրել: «Սա այն խնդիրն է, որին պետք է անդրադառնան Հայաստանի իշխանությունները ոստիկանական բարեփոխումների շրջանակներում», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG