Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 2-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` երեկ Երեւանում արած հայտարարությանը, գրում է. - «Մինսկի խմբի համանախագահները, «թարմացման» տարբերակով, երեկ ընդամենը մեկ նախադասությամբ ուղղակիորեն սառը ջուր լցրեցին թուրքական եւ ադրբեջանական «նկրտումների» եւ հայտարարությունների վրա։ Այդ նույն սառը ջուրը ցողվեց նաեւ հայկական այն շրջանակների վրա, ովքեր ինքնուրույն կամ առավելապես ձայնակցելով թուրք - ադրբեջանական մոտեցումներին, շարունակ շահարկում էին եւ դեռ կշահարկեն, թե Արցախի խնդրի կարգավորումը եւ հայ - թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը փոխկապակցված են, փոխպայմանավորված են»:

«Հայք»-ը խմբագրականում գրում է. - «Սահմանի բացումից Հայաստանը մեծ հաշվով շահելու է, բայց սահմանը չպետք է բացել ամեն գնով: Չի կարելի սահմանը բացել նախապայմաններով, քանի որ այդ դեպքում այդ նույն սահմանը կարող է պարբերաբար փակվել, եւ յուրաքանչյուր բացումից առաջ հերթական նախապայմանները թելադրվեն մեր երկրին: Անընդունելի է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը ուղղակի կամ անուղղակի ձեւով կապվում է Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ: Անընդունելի է, երբ վարչախումբը սխալը սխալի ետեւից է անում եւ հիմա էլ փորձում է կեղծել Սփյուռքի ձայնը, չգիտակցելով այս քայլի, մեղմ ասած, բացասական հետեւանքները: Վստահաբար կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը շուրջերկրյա ճանապարհորդությունից վերադառնալուց հետո կհայտարարի, որ սփյուռքահայերի գերակշիռ մասը կողմ է նախաստորագրված արձանագրություններին: Ի՞նչ կստանա հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականությունից: Պատասխանը պարզ է՝ ոչինչ: Ավելի ճիշտ միայն վնասներ: Իսկ ի՞նչ է շահելու Սերժ Սարգսյանը: Այս հարցին դժվար է պատասխանել, բայց ակնհայտ է, որ նա ցանկանում է ձեռք բերել գերտերությունների աջակցությունը եւ երկարաձգել իր իշխանությունը»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հետ, ով հայ-թուրքական արձանագրությունների մասին ասում է. - «Միջկառավարական հանձնաժողովը հնարավորություն է տալիս ներկայացնելու մեր խնդիրները, պահանջները՝ կապված մշակութային ժառանգության, պատմության, խնդրահարույց այլ հարցերի հետ։ Դա պետք է անենք ազգովի՝ պառակտված վիճակում չենք կարող գնալ նման քննարկումների։ Երկխոսության միջոցով կարելի է հասնել շատ բանի, եթե լինենք կազմակերպված, լինենք միասնական եւ կարողանանք այդ հարցերը դնել իրավական հիմքերի վրա եւ, տարբեր քաղաքական հոսանքների եւ կուսակցությունների առաջարկություններն ստանալով, հստակ ներկայացնել ազգային շահից բխող մեր պահանջները: Իշխանությունները վճռական են շարունակելու այս գործընթացը եւ ստորագրելու արձանագրությունները։ Վստահ եմ, դրանք մեզ համար բացարձակապես վտանգ չեն ներկայացնում»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Բանից պարզվում է՝ Էդուարդ Նալբանդյանը Ղարաբաղի հարցի շուրջ չի բանակցում: Նա բանակցում է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ... Նա իսկապես էլ բանակցում է Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, որովհետեւ ազատագրված տարածքների վերադարձի հարցում այլեւս բանակցելու բան չկա. այդ հարցը փակված է: Վերջին հաշվով, ի՞նչ է ասում Էդուարդ Նալբանդյանը: Ասում է. «այո, մենք համաձայն ենք վերադարձնել 5 շրջանները, բայց մեկ էլ տեսար՝ դրա դիմաց Ղարաբաղը դարձավ անկախ: Ենթադրենք՝ Ադրբեջանը համաձայնում է 5 շրջանները վերադարձնելուց հետո, մի 5-6 տարի անց Ղարաբաղում անցկացված հանրաքվեի արդյունքներն ընդունել: Բայց որեւէ մեկը հաշվարկե՞լ է, թե 5-6 տարի անց քանի հայ կմնա Ղարաբաղում: Որեւէ մեկը հաշվակե՞լ է, թե ինչ տեմպերով կդատարկվի Ղարաբաղը՝ Աղդամը, Ֆիզուլին կամ Զանգելանը վերադարձնելուց հետո: Տեսականորեն, իհարկե, կարելի է փակել Լաչինի միջանցքը, սահմանի վրա մի քանի գնդացիրներ տեղադրել եւ թույլ չտալ, որ Ղարաբաղը դատարկվի»:

«Հայկական ժամանակ»-ը հարցազրույց է ունեցել Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Նա ասում է. - «Ես ոչ մարտի 1-ին, ոչ էլ դրանից առաջ կամ հետո երբեք ժողովրդին չեմ մեղադրել եւ չեմ ասել, որ չպիտի բողոքի իր իրավունքների ոտնահարման դեմ: Դա ժողովրդի իրավունքն է, եւ ոչ ոք չի կարող նրանից այն խլել: Ես անընդունելի եմ համարել այն արատավոր երեւույթները, որոնց հետեւանքով քաղաքական գործընթացների առնչությամբ մարդիկ սպանվեցին եւ վիրավորվեցին, շատերն էլ հայտնվեցին ծանր բարոյահոգեբանական իրավիճակում: Մեկուկես տարվա ընթացքում մինչ օրս մի շարք կարեւոր հարցերի պատասխանը չի տրվել, եւ, փաստորեն, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի, Փաստահավաք խմբի ձեւավորումը, ինչպես նաեւ կայացած դատավարությունները իրենց նպատակին չեն ծառայել: Ավելին, քաղաքական համակարգում առկա թերությունները խորացել են ու ստացել են նոր որակ: Այսօր էլ Հայաստանում առկա է ատելության խիստ կուտակում, որը երբեք լավ բաների չի հանգեցնի»:

«Իրավունք»-ը հիշեցնում է, որ «Միացում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը վերջերս հայտարարել էր, որ եթե ՀԱԿ-ի չփոխի իր դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցով, ապա ինքը կլքի ՀԱԿ-ը: Սակայն, ինչպես տեսնում ենք, պարոն Սեֆիլյանը մինչեւ օրս ՀԱԿ-ից դուրս չի եկել: Պարզաբանումներ ստանալու համար թերթը զրուցել է Սեֆիլյանի հետ, ով ասել է. - «Մոտ օրերս այդ հարցի վերաբերյալ պատրաստվում եմ պարզաբանում տալ: Առայժմ, խնդրում եմ, բավարարվեք իմ վերջին ելույթով, եւ ինչ ասել եմ այնտեղ, ուժի մեջ է մինչ օրս»: Հարցին, թե հնարավոր է, որ իրենք միանան Դաշնակցության ակցիային նա պատասխանել է. - «Ըստ էության՝ մեր տեսակետը տարբերվում է նաեւ Դաշնակցության այսօրվա տեսակետից: Եվ այս պահին ես խոսում եմ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG