Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հանրային քննարկումների համատեքստում նախաձեռնած համահայկական մեկշաբաթյա ուղեւորությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` սփյուռքահայության հետ Սերժ Սարգսյանի հանդիպումներին կմասնակցեն Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը:

Նախագահի առաջին կանգառը կլինի Փարիզը, որտեղ նա ուրբաթ օրը հանդիպումներ կունենա Եվրոպայի հայ համայնքների ու համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների, ազդեցիկ աշխարհիկ եւ հոգեւոր դեմքերի հետ: Մինչ հանդիպումը, Սերժ Սարգսյանը Փարիզի Կանադայի հրապարակում ծաղկեպսակ է դնելու 915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող Կոմիտասի արձանին: Ուշ երեկոյան` Երեւանի ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում, նախագահը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում, ըստ Փարիզում Հայաստանի դեսպանության, նախագահը պատասխանելու է առավելագույնը չորս հարցի:

«Հայոց ցեղասպանության հարցը բանակցելի չէ», - հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ օրերս հրապարակած հատուկ հաղորդագրությունում շեշտել էր Ֆրանսիայի հայ համայնքի ղեկավար մարմինը:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, իր հերթին, հայտարարել է, թե Սփյուռքի հետ հանդիպելու` նախագահի որոշումը «լավ նախաձեռնություն է, սակայն մի քիչ ուշացած է. նա պետք է վաղուց ի վեր լսած լիներ Սփյուռքի ձայնը»:

Փարիզից Սերժ Սարգսյանը կմեկնի Նյու Յորք, ապա կայցելի Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով:

Հայաշատ այդ գաղթօջախներում նախագահը հանդիպումներ կունենա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Մերձավոր Արեւելքի, ԱՊՀ-ի երկրների հայ համայնքների հոգեւոր թեմերի եւ համայնքային կառույցների ղեկավարների, քաղաքական, հասարակական, մշակութային, բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների, սփյուռքահայ երեւելի անհատների հետ:

The Armenian Reporter թերթին տված հարցազրույցում խոսելով իր համահայկական ուղեւորության մասին` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. - «Իմ գլխավոր ազդակը Սփյուռքին չէ ուղղված, այլ` աշխարհին: Բոլորը պետք է գիտակցեն, որ Սփյուռքը Հայաստանի իրականության կարեւոր մաս է: Հայաստանի շուրջ 7 միլիոն դեսպաններ` աշխարհի տարբեր երկրներում կապում են Հայաստանն արտերկրի հետ անտեսանելի թելերով եւ լարերով»:

«Մենք՝ Հայաստանն ու Սփյուռքը, մեկ ընտանիք ենք: Ի սկզբանե, երբ մեր կողմից դրվում էր երկու արձանագրությունների շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդիրը, այն ինձ համար միանշանակորեն ենթադրում էր նաեւ քննարկումներ Հայկական Սփյուռքում», - ասել է նախագահը` հավելելով. - «Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հայ - թուրքական հաշտեցման միայն մեկ մասն է, եւ Հայաստան - Սփյուռք երկխոսության մեջ չպետք է լինեն չհասկացվածություն, չխոսված բաներ»:

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների վավերացման եւ իրականացման ուղղությամբ շարունակելու օգուտներին եւ ռիսկերին վերաբերող հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «մեծագույն ռիսկն առաջանում է այս գործընթացի տապալման պարագայում»: «Իրադարձությունների այդպիսի զարգացումը կխորացնի անվստահության մթնոլորտն ու թշնամանքը տարածաշրջանում: Դրանից հետո դեռ երկար ժամանակ որեւէ քաղաքական գործիչ չի կարողանա մոտենալ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին», - պարզաբանել է նա:

Սերժ Սարգսյանի կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ամենակարեւոր գրավականը «երկու կողմերի` այդ ճանապարհով գնալու մտադրության անկեղծությունն ու եղած կնճիռները ապագա սերունդներին չթողնելու վճռականությունն են»: «Ես ուզում եմ հավատալ, որ թուրքական կողմն իսկապես անկեղծ է այս գործընթացում, որ արձանագրությունների ստորագրման ու վավերացման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չեն ծագի, եւ որ երկու կողմերն էլ կիսում են հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտությունը», - ասել է նա The Armenian Reporter-ին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Նախագահը մեկ անգամ եւս վստահեցրել է, որ «Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը չի կարող պայմանավորված լինել արցախյան խնդրի կարգավորմամբ կամ որեւէ այլ նախապայմանով»: «Իհարկե, անազնիվ կլիներ պնդելը, որ երկու խնդիրները ամենին առնչություն չունեն միմյանց հետ: Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի երկու խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին՝ մի խնդրի լուծումը, այսինքն` Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Դա այդպես է, քանի որ կբարձրանա տարածաշրջանում փոխվստահության մակարդակը, որը կապահովի արցախյան հակամարտության լուծման համար անհրաժեշտ դրական միջավայր», - հավելել է Սերժ Սարգսյանը:

Նա հավաստիացրել է նաեւ, որ «Մոլդովայում [Քիշնեւում հոկտեմբերի 8-ին ակնկալվող Սարգսյան - Ալիեւ հանդիպման արդյունքում] որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում». - «Ասեմ ավելին, հաշվի առնելով այն սահմանափակ առաջընթացը, որը մենք ունենք Մադրիդյան սկզբունքների համաձայնեցման գործում, մենք այս փուլում բավականին հեռու ենք փաստաթղթի ստորագրումից, դա երկու կողմերից էլ պահանջում է երկարատեւ բանակցային աշխատանք եւ, անշուշտ, քաղաքական կամք»:

Հարցին` «արդյո՞ք Հայաստանը դեռ հավատարիմ է մնում Ղարաբաղի` Ադրբեջանին «ենթակայության անհնարինության» քաղաքականությանը», Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Արցախյան խնդրի կարգավորման առանցքը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է: Ղարաբաղյան շարժումը սկսվել է կարգավիճակի խնդրից, եւ այդ խնդրի կարգավորումը միայն կարող է բերել հակամարտության լուծման: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու, թե ինչպիսին պետք է լինի այդ կարգավիճակը: Դա այն կարմիր գիծն է, որից այն կողմ հայկական կողմերը չեն կարող գնալ, դրանք ենթակա չեն սակարկության: Արցախի հիպոթետիկ ենթակայությունը Ադրբեջանին հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Արցախի ժողովուրդը հանրաքվեով ինքը որոշի այդ մասին: Ինչպիսի՞ն է դրա հավանականությունը՝ հայտնի է բոլորին, նույնիսկ ադրբեջանցիներին»:

Հայոց ցեղասպանության առնչությամբ նախագահը հայտարարել է. - «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի կարող դուրս գալ մեր օրակարգից: Ցեղասպանության միջազգային ճանաչման սատարումն ամրագրված է մեր Ազգային անվտանգության հայեցակարգում: Ինչպես կարող է որեւէ հայ հրաժարվել իր անցյալից, արդարության հաղթանակին հասնելու ձգտումից. Ցեղասպանության ճանաչումը միայն մեր՝ հայության խնդիրը չէ, այն համամարդկային խնդիր է: Սակայն կուզենայի այս համատեքստում ընդգծել մեկ հանգամանք. Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առանցքային նպատակն այն է, որ թուրք ժողովուրդը եւ Թուրքիան հետեւեն բազմաթիվ քաղաքակիրթ երկրների օրինակին եւ ճանաչեն Ցեղասպանության փաստը: Երբեւէ թուրքական հասարակության մեջ Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումը չի ունեցել ներկայիս ծավալները: Վերջին տասնամյակում թուրք հասարակության մեջ սկսել է իր ձայնը բարձրացնել մի հատված, որի ներկայացուցիչները, չնայած տասնամյակների պետական հակաքարոզչությանը, պատրաստ են սթափ եւ պատասխանատու հայացքով նայել իրենց պատմության մութ էջերին: Մենք պետք է աջակցենք այդ գործընթացին: Խնդիրը միայն հայ - թուրքական հաշտության մեջ չէ, կրկնում եմ, կա նաեւ թուրքերի ներկա սերունդների՝ իրենց պատմության հետ հաշտվելու խնդիր: Կարծում եմ մեր այս նախաձեռնությունը որոշակիորեն դռներ է բացում նաեւ այդ ներքին քննարկման, ներքին հաշտեցման համար»:

Հայ - թուրքական նախաստորագրված արձանագրություններում ուրվագծված` պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովի կապակցությամբ Սերժ Սարգսյանը ասել է. - «Կուզենայի հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերում պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, որի առաջարկը արվել էր տարիներ առաջ: Սա միջկառավարական հանձնաժողովի մի ենթահանձնաժողով է, որի վերաբերյալ հակաառաջարկը ժամանակին արվել է հայկական կողմից: Ենթահանձաժողովի նպատակն է երկու կողմերի միջեւ պատմական հարթության շուրջ երկխոսություն ծավալելը` նպատակ ունենալով ապահովել փոխվստահության վերականգնումը: Սա երկարատեւ գործընթաց է, որը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ հայկական ժառանգության խնդիրները Թուրքիայում, դրա վերականգնման, պահպանման խնդիրները, ցեղասպանության զոհերի ժառանգների խնդիրը: Հնարավոր չէ հարաբերություններ հաստատել որեւէ երկրի հետ` առանց երկխոսելու կողմերին հուզող խնդիրների շուրջ: Իսկ պատմության ուսումնասիրությունից պետք է վախենա պատմություն կեղծողը: Ստեղծվելիք հանձնաժողովի եւ դրա ենթահանձնաժողովների օրակարգը սահմանելու են կողմերը, այսինքն` Հայաստանն ու Թուրքիան: Նրանք, ովքեր մտահոգություն ունեն, պետք է գիտակցեն, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները երբեք թույլ չեն տա օրակարգում հարցերի այնպիսի ձեւակերպումներ, որոնք վիրավորական կարող են լինել հայ ժողովրդի համար»:

«Միամտություն է կարծել, որ այնպիսի երկրների պարագայում, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ցեղասպանության ընդունման վերաբերյալ որոշումների կայացումը կարող է կանխորոշվել այլ երկրների կողմից արվող քայլերով կամ բերվող փաստարկներով: Այդ երկրներն ունեն Հայոց ցեղասպանության փաստային հիմնավորման աղբյուրների հսկայական ծավալ: Կա քաղաքական որոշման խնդիր: Անշուշտ, հայկական լոբբիի ջանքերը նպաստում են նման որոշումների կայացմանը, բայց միայն ու միայն իրենց՝ որպես այդ երկրների քաղաքացիների ձայնի ուժով: Ես խորապես վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցայսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վաղ թե ուշ դա անելու են», - հայտարարել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG