Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվա բյուջեի նախագիծը քննադատության է արժանանում ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից


Հայաստան -- Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան, արխիվ
Հայաստան -- Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյան, արխիվ

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ, կառավարության ներկայացրած հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որը մոտ 1 միլիարդ դոլարով պակաս է լինելու այս տարվա բյուջեից, ինչպես նաեւ բյուջեի նախագծով նախատեսված շուրջ 450 միլիոն դոլարի պակասորդը, ուղղակի վկայում են, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը, այդ թվում՝ հակաճգնաժամային նախաձեռնությունները «տապալված» են:

«Վերցրեք այս տարվա սկզբին վարչապետի ներկայացրած հակաճգնաժամային քայլերի ծրագիրը եւ համեմատեք այժմ իրականացվող քայլերի հետ, եւ դուք որեւէ կապ չեք տեսնի», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով. - «Օրինակ, այնտեղ գնահատված է, որ սպառումը չափազանց անկման պայմաններում բերելու է վճարունակ պահանջարկի նվազեցմանը, իսկ սա կբերի տնտեսության անկմանը։ Հետեւաբար, մեր խնդիրն է, բառացի եմ մեջբերում՝ խրախուսել սպառումը։ Բերեք տեսնենք, իր այդքան ներգրաված միջոցներից, իր քաղաքականությունից ո՞րն է ուղղված եղել սպառումը խրախուսելուն։ Ո՛չ աշխատավարձերի բարձրացում, ո՛չ կենսաթոշակների բարձրացում, ո՛չ նպաստների բարձրացում, ո՛չ ուղիղ աջակցություն սպառողին։ Չկա ոչ մի այդպիսի ծրագիր»։

Նույն կարծիքին է նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Երեւանի նախկին քաղաքապետի համոզմամբ, իրականում կառավարությունը հակաճգնաժամային ռազմավարություն իրականացնելու խնդիր չէր դրել. - «Որովհետեւ, եթե ավելի լուրջ ենք նայում քայլերին, որ կառավարությունը կատարում է 2009 թվականի մարտից կամ փետրվարից սկսած, տեսնում ենք, որ այդ քայլերը հակաճգնաժամային չեն եղել, դրա համար էլ արդյունք չկա։ 2010 թվականին, ի տարբերություն բոլոր այն երկրների, ովքեր լուրջ հակաճգնաժամային ծրագրեր են իրականացրել, Հայաստանի Հանրապետությունում տնտեսության մեջ ոչ մի փոփոխություն չի լինի»։

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Վարդան Այվազյանը համաձայն չէ այդ գնահատականների հետ. ինչպես ինքը ասաց՝ կառավարության կիրառած հակաճգնաժամային քայլերը դեռ չեն տվել իրենց արդյունքը, դրանց մասին մենք կարող ենք խոսել միայն այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին, ուստի այժմ ճիշտ չէ գնահատական տալ կառավարության քայլերին։

Սակայն Այվազյանն մտահոգություն արտահայտեց այլ հարցի առնչությամբ. - «ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ, ենթադրենք, զարգացում ապահովող ճյուղերը որո՞նք են: Արտադրության ծավալը զրոյի է ձգտում»:

Հարցին, թե նման պայմաններում կառավարությունը ինչպես կկարողանա կատարել գալիք տարվա բյուջեն, Այվազյանը արձագանքեց. - «Բյուջեն տեսնեմ, դեռ հասկանամ, թե իրենք այդ բյուջեն որտեղի՞ց են ուզում եկամուտների մասը ապահովել: Որովհետեւ այդ եկամտային մասերի հետ կապված, ապահովման հետ կապված իրենք խնդիրներ ունեն»:

Նույն հարցի առնչությամբ Վահագն Խաչատրյանը ասաց, թե գալիք տարի կառավարությունը չի կարողանա, ինչպես ինքը նշեց՝ հարթ ձեւով կյանքի կոչել պետբյուջեն։

«Որպեսզի այդ խնդիրը լուծի, շատ թանկ գին ենք վճարելու մենք բոլորս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս: Թեկուզ դրամի կուրսի պահպանման հետ կապված ծախսերը», - նշեց Խաչատրյանը:

Հայաստանի ֆինանսների փոխնարար Վարդան Արամյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կառավարությունն ավելի հեշտ կակարողանա կատարել 2010-ի բյուջեն, քանզի մտադիր չէ ամբողջությամբ ծախսել այս տարի արտերկրից ներգրավված միջոցները եւ դրանց մի մասը կթողնի գալիք տարվա համար, ու շարունակեց. - «2010-ին արդեն իսկ ավելի հարթ սցենարով մենք կգնանք, որովհետեւ այդ միջոցները մենք արդեն տնտեսած ունենք, այդ միջոցները արդեն նախատեսված են 2010-ի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG