Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հարաբերություններ հաստատել` չի նշանակում մոռանալ Ցեղասպանությունը»


«Մեր ժողովուրդը երբեք չի կարող մոռանալ Ցեղասպանության փաստը եւ դրա ծանրագույն հետեւանքները: Ծանր էր Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ մտնել, բայց մյուս կողմից` մենք հարեւաններ ենք եւ պարտադրված ենք հարաբերություններ ունենալ», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությանը:

«Սա է պատճառը, որ մենք նախաձեռնեցինք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթացը: Բայց, հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում մոռանալ կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը:

Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից ի վեր որեւէ խոսք չի եղել եւ չկա նախապայմանների մասին:

Կարեւորելով Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը` նախագահը երախտագիտություն է հայտնել Բելգիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչման համար:

Արման դը Դեկերը այսօր հանդիպել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Հայաստանի խորհրդարանի խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG