Մատչելիության հղումներ

logo-print

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, մերժել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հրավերը` մասնակցելու հայ - թուրքական արձանագրությունների վերաբերյալ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական լսումներին:

«Հայ ազգային կոնգրեսը բացարձակապես ցանկություն չուներ իմիտացիոն պրոցեսներին մասնակցելու: Այս իշխանությունը իր համաձայնությունը տվել է այս խայտառակ փաստաթղթին եւ գնալու է խելոք ստորագրելու է հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ խորհրդարանը, ինչպես միշտ, կամակատարի նման վավերացնելու է», - ասաց Մուսինյանը:

Նա եւս մեկ անգամ շեշտեց, որ արձանագրութունների ստորագրումը կանխելու մեկ տարբերակ կա. հասարակությունը պետք է ստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը ունեցած ելույթում հնչեցրած հայտարարությունը, թե նախաստորագրված արձանագրություններում ամրագրվածը առավելագույնն է, ինչ Հայաստանը կարող է ստանալ այս փուլում՝ Արման Մուսինյանը նկատեց, թե դրանում «ճշմարտության հատիկ կա»՝ պարզաբանելով. - «Երբ փողոցում գնդակահարում են 10 մարդ, ստանում են այսպիսի փաստաթուղթ, կգնդակահարեին 20 մարդ՝ կստանային է'լ ավելի խայտառակ փաստաթուղթ: Շուրջ երկու տարի երկրի ներսում տիրող տեռորի հետեւանքը՝ կեղծված ընտրությունների, գնդակահարված քաղաքացիների, քաղաքական հալածանքների, ամենօրյա ահաբեկումների հետեւանքը պետք է լիներ այս փաստաթուղթը»:

Հակադարձելով հայտարարություններին, թե նախաստորագրված արձանագրություններիը փոխզիջման արդյունք են՝ Մուսինյան ասաց, թե «կոպրոմիսը եւ անհատույց նվերը տարբեր հասկացություններ են»:

«Կոմպորմիսային լուծումները քաղաքականության մեջ ընդունված եւ ճիշտ լուծումներ են, բայց սրանք կոմպրոմիսներ չեն. դրանք անհատույց նվիրատվություններ են: Հատկապես՝ պատմաբանների հանձնաժողովը, որով, ըստ էության, Սերժ Սարգսյանը սկուտեղի վրա Ցեղասպանության ճանաչման հարցը մատուցել է Թուրքիային», - հավելեց նա՝ շարունակելով. - «Ես չէի ուզի շատ ծավալվել, ես կարող եմ միայն ասել, որ այս պատմաբանների հանձնաժողովը դառնալու է փորձանք Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար: Փորձա'նք, ոչ թե խոչընդոտ»:

Մուսինյանը եւս մեկ անգամ բարձրաձայնեց իրենց պնդումը, թե ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանությունները գնալեւ են զիջումների, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը. - «Անցավ մեկ տարի, եւ հայ-թուրքական հարաբերություններում դա ապացուցվեց: Կանցնի եւս որոշ ժամանակ, ես սա ցավով եմ ասում՝ բայց կլինի նաեւ այն, ինչ մենք ասել ենք Ղարաբաղի հետ կապված»:

Հարկ է հիշեցնել, որ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանը աբսուրդ էր որակել մեղադրանքները, թե ինքը պատրաստվում է Ղարաբաղի հարցում զիջումների գնալ:

«Շատ պարագաներում գործը աբսուրդի է հասնում: Ինձ փորձում են Ղարաբաղի խնդրում զիջող լինելու մեջ մեղադրել մարդիկ, ովքեր ընդհանրապես որեւէ անգամ Ղարաբաղում չեն եղել: Եվ երբ որ պետք էր այնտեղ լինեին, ուրիշ տեղում էին: Ինձնի՞ց են ուզում Ղարաբաղը պաշտպանել: Ես ինչո՞ւ պիտի զիջումների գնամ այդ հարցում, որ ի՞նչ ստանամ, որ Հայաստանում թագավո՞ր դառնամ», - ասել էր նախագահ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG