Մատչելիության հղումներ

Ռիչարդ Լուգարը Ղարաբաղի խնդրի կարգավորման «հրաշալի» հնարավորություն է տեսնում


Ռիչարդ Լուգար
Ռիչարդ Լուգար

«Տարածաշրջանում ծավալվող զարգացումներն ընձեռում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրաշալի հնարավորություն», - հայտարարել է ամերիկացի ամենահեղինակավոր եւ փորձառու քաղաքական գործիչներից` հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը:

Սենատորը, ով օրեր առաջ անդրադարձել էր նաեւ հայ - թուրքական երկխոսության թեմային, ասել է, որ Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրը կարեւոր նշանակություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ պաշտոնական Վաշինգտոնի ցանկությունն է, որ այդ տարածաշրջանը լինի խաղաղ ու կայուն։

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Լուգարը նշել է Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ էներգետիկ դերակատարությունն ու ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում ԱՄՆ-ի կարեւոր քաղաքական դաշնակիցն է։

Ամերիկացի սենատորի խոսքերով` պաշտոնական Վաշինգտոնը մեծ հետաքրքրություն ունի տարածաշրջանի հանդեպ մասնավորապես էներգետիկ անվտանգության ապահովման առումով։ Նշելով, որ ռուսական «Գազպրոմ»-ը անցած տարիների ընթացքում մի քանի անգամ խափանել է գազի փոխադրումը ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներ, Լուգարը գովեստով է խոսել Nabucco գազատարի կառուցման միջազգային պայմանագիրն ամռանն Անկարայում կնքելու մասին։

Nabucco գազատարի կառուցումը սկսվելու է 2011 թվականին, իսկ շահագործման մեկնարկը նախատեսված է 2014-ին։ Գազատարի տարեկան թողունակությունը կկազմի շուրջ 31 միլիարդ խորանարդ մետր։

«Այդ համաձայնությունը մեծ ճեղքում էր, որովհետեւ ընդամենը մեկ տարի առաջ ծրագրի հեռանկարը շատ աղոտ էր թվում», - հայտարարել է ամերիկացի սենատորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG