Մատչելիության հղումներ

Ժնեւում մեկնարկում են Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները


Հինգշաբթի օրը Ժնեւում մեկնարկում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների եւ Գերմանիայի բանակցությունները Իրանի ներկայացուցիչների հետ` նվիրված այս երկրի միջուկային ծրագրի ճակատագրին:

Նախօրեին Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ելույթը, որում նա նշում էր, թե իրանցիները նոր պատժամիջոցներից չեն վախենում:

«Մենք պատրաստ ենք իրադրության ցանկացած զարգացման: Վերջին 30 տարիներին մենք ապացուցել ենք, որ ի վիճակի ենք ապրել` ապավինելով սեփական ուժերին», - հայտարարել է Ահմադինեջադը` հավելելով, թե մեկնարկող բանակցություները յուրատեսակ քննություն են նախեւառաջ Միացյալ Նահանգների համար. - «Բանակցությունները ցույց կտան` որքանով են որոշ կառավարություններ հավատարիմ փոփոխությունների մասին իրենց իսկ հռչակած կարգախոսին»:

Վերջին օրերին Միացյալ Նահանգները եւս ավելի կոշտ դիրքորոշում են ցուցաբերում, նախեւառաջ` ուրանի հարստացման իրանական գործարանի հարցում: Սպիտակ տան խոսնակ Ռոբերտ Գիբսը հայտարարել է. - «Անհերքելի է, որ այդ գործարանի կառուցումը ոտնահարում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները: Մենք պահանջում ենք, որպեսզի Իրանը թույլատրի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին շփվել գործարանի աշխատակազմի հետ: Պահանջում ենք նաեւ հնարավորություն տալ ծանոթանալու գործարանի շուրջ ծավալված ողջ պաշտոնական գրագրությանը»:

«Այժմ հերթը իրանցիներինն է: Նրանք պետք է ապացուցեն աշխարհին, որ իրենց միջուկային նախագիծն իրոք էներգիա արտադրելու նպատակ է հետապնդում, այլ ոչ թե միջուկային զենքի արտադրության գաղտնի ծրագիր է», - ընդգծել է Սպիտակ տան խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG