Մատչելիության հղումներ

logo-print

Չորեքշաբթի երեկոյան Երեւան են ժամանել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան): Միջնորդները հինգշաբթի օրը հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Համանախագահների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրությունում ասված է, որ «զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա փուլին եւ առաջիկայում Քիշնեւում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն առնչվող հարցեր»:

Տարածաշրջան այցի շրջանակներում համանախագահները նախատեսում են լինել նաեւ Ստեփանակերտում եւ Բաքվում: «Համանախագահները ուղեւորվելու են նաեւ Ստեփանակերտ` հոկտեմբերի 2-3-ը, եւ Բաքու` հոկտեմբերի 4-6-ը, մինչեւ նախագահ Սարգսյանի եւ նախագահ Ալիեւի միջեւ հոկտեմբերի 8-ին Քիշնեւում առաջարկվող հանդիպումը: Նրանք քննարկելու են չլուծված մնացող առանցքային հարցերը Հիմնարար սկզբունքներում», - ասված է Երեւանում միջնորդների արած հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքէջում: - «Համանախագահները ցանկանում են նաեւ վերահաստատել մեր կառավարություններից յուրաքանչյուրի արտահայտած դիրքորոշումը, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները առանձին գործընթաց են եւ պետք է առաջ շարժվեն սեփական տրամաբանությամբ, առանց նախապայմանների, առանց որեւէ առնչումների, խելամիտ ժամկետներում եւ առանց որեւէ պարտադրված արագացման կամ ձգձգման»:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ համանախագահներին Ստեփանակերտում սպասում են հինգշաբթի ուշ երեկոյան կամ ուրբաթ առավոտյան` կախված եղանակային պայմաններից:

Անցած շաբաթ օրը Նյու Յորքում հրապարակած հայտարարությունում համանախագահները տեղեկացրել էին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ նախօրեին ունեցած հանդիպումների մասին` նշելով. - «Երկու արտգործնախարարները եւ համանախագահները վերահաստատեցին նվիրվածությունը Հիմնարար սկզբունքների վրա հիմնված բանակցություններին եւ քննարկեցին հոկտեմբերի սկզբին համանախագահների` տարածաշրջան կատարելիք ուղեւորությունը: Ինչպես համաձայնեցվել է Մոսկվայում հուլիսի 18-ին, համանախագահները կուղեւորվեն Հայաստան եւ Ադրբեջան` նախապատրաստելու նախագահ Ալիեւի եւ նախագահ Սարգսյանի միջեւ ԱՊՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում Քիշնեւում առաջարկվող հանդիպումը»:

Միջնորդները Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էին արել «բանակցային գործընթացի այս կարեւոր պահին կառուցողական լինել իրենց հրապարակային հայտարարություններում»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր տեղեկություններով` Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կառաջարկվի տարածել մեկ էջանոց մի փաստաթուղթ, որը, սակայն, կլինի ոչ թե ստորագրված, այլ նախաստորագրված: Դա, ըստ քաղաքագետի, Թուրքիային ուղղված դրական ազդակ կծառայի` հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման եւ դրա համար բարենպաստ միջավայր ստեղծելու առումով:

Կիրակոսյանի կարծիքով, տարածաշրջանային այցի ժամանակը՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ճիշտ նախաշեմը, պատահականորեն չի ընտրվել:

Այդուհանդերձ, Կիրակոսյանը վստահ է, որ հոկտեմբերի 8-ին նախագահներ Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ կայանալիք հանդիպումը բովանդակային առումով այլեւս չի կարող առնչություն ունենալ հայ-թուրքական արձանագրությունների հետ, ու եթե անգամ Քիշնեւում Ղարաբաղյան հարցով որեւէ առաջընթաց չգրանցվի, դա չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս զարգացումների վրա:

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հակառակ գնահատական էր հնչեցրել ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ պնդելով, թե ձախողումը Քիշնեւում կհանգեցնի նաեւ ձախողման հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հարցում:

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, մինչդեռ, որեւէ առաջընթաց Քիշնեւում չպետք է ակնկալել: Նա, սակայն, հավանական է համարում, որ անգամ Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացումից հետո, մոտ ապագայում Թուրքիան դարձյալ կարող է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բացահայտորեն շաղկապել Ղարաբաղյան խնդրի հետ: Իսկ դա, ըստ Կիրակոսյանի, կարող է կործանել ներկայումս առկա դիվանագիտական ողջ հնարավորությունը:
XS
SM
MD
LG