Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը


Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորությունը, որի շրջանակներում նախատեսված են այցելություններ Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ եւ Դոնի Ռոստով:

Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էին նախագահի աշխատակազմից, ուղեւորության նպատակն է հանդիպել եւ լսես հայկական Սփյուռքի մոտեցումները եւ կարծիքները այնպիսի կարեւոր հարցի շուրջ, ինչպիսին է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Նախօրեին Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի գաղթօջախներ իր այցելության վերաբերյալ նախագահը ասաց. - «Ես վստահ եմ, որ ձեր օժանդակությունը, ձեր կամեցողությունը, որ նախատեսված այցելությունները լինեն համոզիչ, հետաքրքիր, ինձ հնարավորություն է տալիս մեր քույրերին եւ եղբայրներին արտասահմանում ներկայացնելու իմ համոզված կարծիքը, լսելու նրանց կարծիքները, ի վերջո` հաշվի առնելու ե'ւ նրանց կարծիքը, ե'ւ, ընդհանրապես, այն հանգամանքը, որ հայության մեծ մասը ապրում է արտասահմանում»:

«Ես նպատակ չունեմ բոլորին համոզելու: Ես չեմ գնում համոզելու այդ մարդկանց, ես գնում եմ այդ մարդկանց լսելու եւ իմ կարծիքը ասելու», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի հանդիպումները սփյուռքահայության հետ մեկնարկելու են ուրբաթ օրը Փարիզում` օրվա երկրորդ կեսին: Նախ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ կդնի Կոմիտասի հուշարձանին, ապա քիչ անց կմեկնարկի նրա հանդիպումը Ֆրանսիայի եւ Արեւմտյան Եվրոպայի մյուս երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Ուշ երեկոյան` Երեւանի ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում, Սերժ Սարգսյանը հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում, ըստ Փարիզում Հայաստանի դեսպանության, նախագահը պատասխանելու է առավելագույնը չորս հարցի:

Ֆրանսիայից Սերժ Սարգսյանը կուղեւորվի Միացյալ Նահանգներ: Երեք օրվա ընթացքում Հայաստանի ղեկավարը կայցելի Նյու Յորք եւ Լոս Անջելես: Լոս Անջելեսում, ամերիկահայերից բացի, Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Հարավային Ամերիկայի հայկական համայնքների ներկայացուցիչները:

Նախագահ Սարգսյանի ամերիկյան ուղեւորության շեմին ամերիկահայ ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը` Հայ դատի հանձնախումբը նամակով դիմել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: «Այս միակողմանի արձանագրությունները, որ պարտադրվում են շրջափակման մեջ գտնվող Հայաստանին, որը մինչ այժմ փորձում է հաղթահարել Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական հետեւանքները, վավերացման դեպքում կասկածի տակ կդնեն Հայոց ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ սպառնալիք կհանդիսանան Հայաստանի անվտանգության համար», - ասված է, մասնավորապես, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանի ստորագրած նամակում: Հիշեցնելով Քլինթոնին, որ որպես Սենատի անդամ եւ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու նա բազմիցս արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, Հայ դատի հանձնախմբի ղեկավարը գրում է. - «Կրկին կոչ եմ անում ձեզ վերջ տալ արձանագրությունների ընդունման համար Հայաստանի վրա գործադրվող ճնշումներին եւ խնդրում եմ ձեզ արձագանքել մեզ հետ հանդիպելու` անպատասխան մնացած առաջարկին: Մենք ակնկալում ենք այդ հանդիպման ընթացքում քննարկել ամերիկահայությանը հուզող այս եւ մյուս հրատապ խնդիրները»:

ԱՄՆ-ից Սերժ Սարգսյանը կուղեւորվի Լիբանան: Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ըստ ամենայնի, Հայաստանի նախագահը Լիբանանի մայրաքաղաքում կլինի հոկտեմբերի 6-ին: «Առայժմ որեւէ պաշտնական տեղեկատվություն չկա, սակայն այդ խորհրդակցությանը ներկա են լինելու ե'ւ կուսակցությունների, ե'ւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ոչ միայն Լիբանանից, այլեւ Միջին Արեւելքի մյուս պետություններից», - ասաց Քանդահարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG