Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 1-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ը զրուցել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր նախորդ ելույթը արժանացավ ե'ւ ընդդիմության, ե'ւ իշխանությունների բացասական գնահատականներին: Ձեր կարծիքով, ինչո՞վ է դա պայմանավորված»: Օսկանյանը պատասխանել է. - «Եթե ե'ւ իշխանությունները, ե'ւ ընդդիմությունը քննադատում են, նշանակում է, որ մի ինչ-որ բան ճիշտ ես ասում»: Հարց. - «Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ դուք ուշացումով եք խոսում այդ հարցերի մասին, եւ որ առկա խնդիրներում ձեր մեղքն էլ կա»: Նախկին արտգործնախարարի արձագանքը. - «Ես իմ ժամանակն եմ ընտրում իմ հայտարարությունների համար»: Հարց. - «Նախորդ քննարկման ժամանակ դուք խոսել եք ժողովրդական ալիք բարձրացնելու անհրաժեշտության մասին: Հայաստանում արդեն երկու տարի է՝ գոյություն ունի նման համաժողովրդական ալիք, դուք կմիանա՞ք այդ ալիքին»: «Այս հարցով՝ հայ-թուրքական արձանագրությունները կասեցնելու հարցով, եթե լինի ժողովրդական ալիք, ես, իհարկե, կմիանամ... Ով ուզում է՝ թող անի: Եթե այս հարցով լինի ալիք, ես անպայման կմիանամ», - պատասխանել է Օսկանյանը:

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Տրամաբանությունը հուշում է, որ այս իրավիճակում Սերժ Սարգսյանի հիմնական դաշնակիցը պիտի լիներ Հայ ազգային կոնգրեսը: Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ Սերժ Սարգսյանը «ահեղ մարտի» է ելել ծայրահեղ ազգայնականության դեմ, բայց այդպես էլ ոչ միայն չի համարձակվում համագործակցել իր միակ բնական դաշնակցի հետ, այլեւ առաջին հերթին հենց նրա դեմ է պայքարում: Այս հարցին պատասխանելու համար պիտի փորձենք հասկանալ, թե նորմալ պայմաններում ինչպե՞ս պիտի ընթանային Սերժ - Կոնգրես բանակցությունները: Կոնգրեսը, հասկանալի է, պիտի ասեր, որ համաձայն է Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերի 80 տոկոսի հետ, բայց գտնում է, որ նման մտքեր հայտնելու իրավունք ունի միայն Հայաստանի լեգիտիմ նախագահը: Եվ Սերժ Սարգսյանը սրա դեմ որեւէ առարկություն անել չէր կարող: Հետո Կոնգրեսը պիտի բացատրեր, որ շատ մեծ տարբերություն կա՝ տվյալ երկրի իշխանությունները հասկանալո՞վ են ենթարկվում միջազգային օրենքներին, թե՞ նրանց ստիպում են ենթարկվել: Եվ բանակցությունների միակ տրամաբանական ընթացքը կլիներ այն, որ Սերժ Սարգսյանը ստիպված պիտի լիներ հրաժարական տալ՝ արտահերթ ընտրություններում սատարելով Հայ ազգային կոնգրեսի թեկնածուին»:

«Առավոտ»-ի զրուցակիցն է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Թոքերը, ով ասում է. - «Արձանագրություններում կան շատ ոչ հստակ ձեւակերպումներ, բայց կարծում եմ, այն մարդիկ, ովքեր դրանց շուրջ ամիսներ շարունակ բանակցել են, ստիպված էին գալ փոխհամաձայնության: Օրինակ, Թուրքիայում ընդդիմության մտավախություններից մեկն այն է, որ արձանագրություններում շեշտված չէ Ղարսի պայմանագրի մասին, չկա երաշխիք, որ Ցեղասպանության պահանջները, ի վերջո, վեր չեն հանվի: Կա եւս մեկ առարկություն՝ Նախիջեւանի նկատմամբ Թուրքիայի երաշխավորը լինելու հետ կապված: Այս խնդիրները արդեն վեր են հանվել, եւ դրանք, անշուշտ, կքննարկվեն խորհրդարանական քննարկումների ժամանակ: Բայց այդ առարկությունները երկու կողմից էլ վստահության բացակայությամբ են պայմանավորված: Փոխադարձ վստահության հաստատումը եւս մի խնդիր է, որի ուղղությամբ պետք է սկսել աշխատել: Դա մի խնդիր է, որ գոյություն ունի տասնամյակներ շարունակ՝ հարաբերությունների, փոխհամաձայնությունների բացակայության, պատմական սկեպտիցիզմի, Հայաստանի մասին Թուրքիայում եւ Թուրքիայի մասին՝ Հայաստանում առկա պատկերացումների պատճառով: Փորձագետները պետք է սկսեն զբաղվել դրանով եւ մշակեն փոխվստահություն կառուցելու մեխանիզմներ»:

«Ազգ»-ը ներկայացրել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողովի հայտարարությունը, որտեղ ասվում է. - «Գերագույն Հոգեւոր Խորհուրդը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների դիվանագիտական կապերի հաստատման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` ի խնդիր տարածաշրջանում անվտանգության ապահովման, խաղաղության պահպանման եւ համագործակցության զարգացման: Այս համատեքստում Գերագույն Հոգեւոր Խորհուրդը վերահաստատում է, որ Հայոց Ցեղասպանությունը անվիճարկելի իրողություն է, ինչպես եւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ արցախահայության ինքնորոշման իրավունքը: Մեր ժողովուրդը եւ հայրենի իշխանությունները երբեք չեն հրաժարվի հետապնդելու եւ պաշտպանելու մեր ազգային արդար իրավունքները»:

«Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է. - «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է առաջ շարժվի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։ «Իսկ ասելով առանց նախապայմանների՝ ի նկատի ունենք առանց նախապայմանների ցանկացած կողմի համար։ Այս գործընթացի հետ կապելու շատ հարցեր կան, սակայն, մեր կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, ըստ էության, շատ արժեքավոր է, եւ այն չպետք է հետաձգվի կամ կապվի այլ հարցերի հետ։ Այդ գործընթացը պետք է առաջ շարժվի», - ասել է պետքարտուղարի օգնականը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG