Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի ընդլայնված կազմի հետ սեպտեմբերի 30-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարել է, թե հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններում կան փոխզիջումներ, եւ ձեռք բերված փաստաթղթերը առավելագույնն են, ինչին առայժմ կարողացել է հասնել Հայաստանը։

Հանրային խորհուրդը երեկ ուշ երեկոյան ավարտված նիստում մտահոգություն է հայտնել, որ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունների վավերացումը կարող է բացասաբար ազդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, վտանգել հայանպաստ լուծումները ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։

Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծված Հանրային խորհուրդը, սակայն, դրական է գնահատել հայ-թուրքական կարգավորման գործընթացը եւ իշխանություններին հորդորել է վավերացնել արձանագրությունները։

Հանրային խորհրդի շուրջ 100 անդամների հետ կայացած քննարկմանը խորհրդակցական այս մարմնի նախագահ Վազգեն Մանուկյանը, մասնավորապես, ասել է. - «Մենք քննարկել ենք բոլոր պլյուսները, քննարկել ենք բոլոր մինուսները, գիծը տարել ենք, գումարել ենք՝ ստացել ենք պլյուս։ Հանրային խորհրդի 36 անդամից 6-ը բացակայում էին, 2-ը մի քիչ շուտ գնացին։ 2 ձեռնպահ կար։ Մնացածները կողմ են քվեարկել ե՛ւ մտահոգություններին, ե՛ւ նաեւ վերջնական կարծիքին. որ մենք կողմ ենք, որպեսզի այս փաստաթղթերը վավերացվեն»։

Նախագահ Սերժ Սարգսյանի համար տարօրինակ չէին խնդրի շուրջ առաջացած մտահոգությունները. - «Սա ոչ կապիտուլյացիա է, ոչ էլ ստրատեգիական համագործակցության մասին մեծ համաձայնագիր, որպեսզի մենք մտավախություններ չունենանք։ Որովհետեւ, եթե որեւէ մեկին թվում է, թե այս փաստաթղթում պետք է լինեն միայն մեր ցանկությունները, իղձերի իրականացումները, ապա պետք է մի քիչ իրատես լինել: Այդպես լինել չի կարող»։

Նախագահի խոսքով, Հայաստանը ոչ թե գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների գլոբալ կարգավորմանն եւ բարեկամություն անելու, այլ ընդամենը փորձում է ստեղծել շատ թե քիչ տանելի մի միջավայր, որում կարող է երկխոսություն սկսվել. - «Ես չեմ կարող մեր ժողովրդին խոստանալ, որ բոլոր հարցերը մենք ուսումնասիրել ենք եւ բոլոր նյուանսները հաշվի ենք առել։ Ես ուղղակի ասում եմ, որ այսպես ապրելը եւ շարունակելը ճիշտ չէ։ Մենք պետք է ունենանք բնականոն հարաբերություններ»։

Ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հարցերի շուրջ առաջացած մտահոգությունների մասով նախագահն ասաց հետեւյալը. - «Ես չեմ տեսնում որեւէ նախապայման այդ փաստաթղթերում։ Այստեղ հարց հնչեց, թե իբր այս հարցում ճնշումներ կային, եւ ճնշումների արդյունքում ենք մենք գնացել այս բանակցություններին։ Որեւէ մեկը մեզ չի պարտադրել Թուրքիայի հետ գնալ հարաբերությունների կարգավորման»։

Սերժ Սարգսյանը վստահեցրեց նաեւ, որ ճնշումներ ու պարտադրանք չեն կարող լինել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։

«Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել՝ բնավ չի նշանակում կասկածի տակ դնել Ցեղասպանության փաստը, առավել եւս՝ մոռանալ այն: Դա ուղղակի անհնար է», - հավելեց նախագահը։

Ինչ վերաբերում է մտահոգությանը, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը կխոչընդոտի ցեղասպանության ճանաչման գործընթացը, ապա Սերժ Սարգսյանի կարծիքով՝ «ակնհայտ է, որ եթե այդ պրոցեսը դանդաղի, կամ կասեցվի (ինչին ես ընդհանրապես չեմ հավատում), դրա մեղավորը ոչ թե մեր նախաձեռնությունը պետք է լինի, այլ այն մարդիկ, ովքեր մեր նախաձեռնությունը պետք է օգտագործեն որպես առիթ, որ այդ գործով չզբաղվեն»։

Պատմական հարցերով հանձնաժողովի վերաբերյալ նախագահի փաստարկը հետեւյալն է. - «Այդ հանձնաժողովը պարիտետային սկզբունքով ստեղծված հանձնաժողով է, որտեղ մի կողմը կարող է իրենն ասել, մյուս կողմը՝ իրենը»։

Անդրադառնալով Կարսի պայմանագրի վերաբերյալ մտահոգությանը՝ նախագահն ասաց, թե Սովետական Միությունը հինգ անգամ ճանաչել է Կարսի պայմանագիրը, իսկ Հայաստանը, դառնալով ԱՊՀ-ի եւ ՄԱԿ-ի անդամ, պարտավորվել արդեն իսկ ճանաչել է այդ պայմանագիրը։

«Այն ժամանակ ինչո՞ւ չէինք խոսում։ ԱՊՀ մտնելու ժամանակ մի վերապահում գրեինք, որ ամեն ինչ ընդունում ենք, բայց Թուրքիայի մասով սա չենք ընդունում։ Ինչո՞ւ չենք արել, եթե իրոք ուզում ենք, որ Կարսի պայմանագիրն ընդհանրապես չճանաչվի», - ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով - «Պե՞տք է արդյոք այդ պայմանագիրը ճանաչել, թե՞ ոչ. այս փաստաթուղթն այդպիսի խնդիր չի լուծում։ Այս երկխոսության ընթացքում մենք պետք է կարողանանք հասկանալ` ի՞նչն է մեզ ավելի ձեռնտու, եւ ո՞ր ճանապարհով ենք գնալու. նոր պայմանագի՞ր ենք ստորագրելու, ընդհանրապես ոչինչ չե՞նք ստորագրելու, թե՞ նախկինում կնքված պայմանագրերն ենք հիմք ընդունելու»։

Նախագահ Սարգսյանը համարում է, որ նախաստորագրված արձանագրություններում ամրագրվածը առավելագույնն է, ինչ Հայաստանը կարողացել է ստանալ այս փուլում՝ չբացառելով, սակայն, որ ապագայում հնարավոր է շատ ավելի լավ փաստաթուղթ ունենալ։

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ժողովրդագրական, կրոնական, տնտեսական հնարավոր էքսպանսիայի շուրջ մտահոգություններին. - «Այդ մասին խոսողները հաշվարկե՞լ են, թե՞ ուղղակի ասում են` Թուրքիան մեծ պետություն է, մենք պետք է վախենանք այդ մեծ պետության հետ հարաբերությունների մեջ մտնելուց։ Ես չեմ կիսում այդ կարծիքը։ Բացի այն, որ զուտ տեսականորեն չեմ կիսում, նաեւ պրակտիկայում զրուցել եմ բազմաթիվ գործարարների հետ։ Նրանք ինձ միայն մեկ բան են ասել` մեր շուկան 3 միլիոնանոց է, իսկ Թուրքիայինը` 70, եւ մենք առնվազն 23 անգամ ավելի մեծ հնարավորություններ ենք ստանում»:

Ի վերջո, ըստ նախագահի, բոլոր հարցերը կարգավորվում են օրենքով՝ եթե դրա անհրաժեշտությունը ծագի, քանի որ Թուրքիան Եվրոպական մաքսային միության, Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ է եւ ենթարկվում է այդ կազմակերպությունների կողմից սահմանվող օրենքներին։

Սերժ Սարգսյանը քննադատական խոսքեր հնչեցրեց նաեւ իր նախաձեռնությունը դեմ հանդես եկող ուժերի հասցեին՝ չմասնավորեցնելով, սակայն, թե որ քաղաքական ուժին է դա ուղղված։

«Երբ մարդիկ սկսում են քննադատել կոնկրետ քաղաքականությունը, նրանք ուղղակի մոռանում են, որ մեկուկես տարի առաջ, երկուեւկես տարի առաջ իրենք այդ հնարավորությունները ունեցել են։ Այսօրվա մեր քննադատներից մեկը պետք է վեր կենար եւ ասեր, որ այս նախընտրական ծրագրում, կամ այս փաստաթղթում թուրքերի հետ հարաբերություն հաստատելու այս դրույթը ընդհանրապես դատապարտելի է», - ասաց նախագահը՝ շեշտելով, որ իր համար ընդունելի չէ, երբ քննադատությունը հնչում է քաղաքական դիվիդենտներ շահելու համար միայն։
XS
SM
MD
LG