Մատչելիության հղումներ

logo-print

Բացվեց Ռուբեն Ադալյանի անհատական ցուցահանդեսը


Նկարչի տանը չորեքշաբթի օրը բացվեց մեծ ճանաչում վայելող ժամանակակից հայ գեղանկարիչ Ռուբեն Ադալյանը ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված նրա 80-ամյա հոբելյանին:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Ադալյանը պարգեւատրվեց Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

Ցուցադրվում են Ադալյանի՝ տարբեր տարիների մոտ 160 ստեղծագործություններ: Գրեթե նույնքան կտավներ կցուցադրվեն հոկտեմբերի 3-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացվելիք անհատական ցուցահանդեսում:

«Այսօր, երբ ասում ենք Ռուբեն Ադալյան, մենք հիշում ենք 60-70-80-ական թվականները, երբ, համենայն դեպս, ես դեռ երիտասարդ էի եւ շատ է հրապուրված էին Ռուբեն Ադալյանի արվեստով», - ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: - «Ինչպեսեւ հիմա: Նա մի նկարիչ է, ով շատ մեծ հետք է թողել հայ կերպարվեստում՝ իր յուրատեսակ նկարչությամբ, իր էքսպրեսիայով, իր առանձնահատուկ ուշադրությամբ դեպի շարժումը, դեպի մարմինը, դեպի կենդանական աշխարհը, դեպի մարդկային հարաբերությունները: Կարծում եմ՝ սա այն նկարիչն է, որը կմնա մեր հայ կերպարվեստի պատմության մեջ»:

Արվեստաբան Պողոս Հայթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Այս մասշտաբի, այսպիսի ոճական տարբերությամբ ամենանուրբ՝ արցունքի կաթիլից մինչեւ ամենաէքսպեսիվ, պայթուցիկ հորինվածքներով նկարիչ վերջին 50 տարում կարող է լինել մեկ-երկուսը: Ինքը այս եզակիներից մեկն է, որի արվեստում կա ցավ, կա ուրախություն, կա սեր եւ մեծ ազգային ոգի»:

Ինքը՝ Ռուբեն Ադալյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե համոզված է, որ մարդու համար ամենակարեւորը ազնվությունն է, իսկ նկարչի համար՝ «էլի ազնվությունը»:
XS
SM
MD
LG