Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը չորեքշաբթի օրը հայտարարել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումը հետ վերցնելու մասին:

«Համեստորեն ու տեւապես աշխատած լինելով ի շահ Հայոց Ցեղասպանության միջազգային վերահաստատման, Արցախյան հանրապետության ճանաչման եւ առանց որեւէ նախապայմանի մեր հարեւանների հետ հարաբերությունների բնականոնեցման` սույն տարրական սկզբունքներն անտեսող ներկա վարչակարգի գործողությունների պատճառով ես ինձ դավաճանված զգացի, ուստիեւ որոշեցի որպես բողոքի արտահայտություն վայր դնել պատգամավորական իմ մանդատը», - ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում: - «Սակայն այդ պահից ի վեր թե' Հայաստանի իմ համաքաղաքացիները, թե' բովանդակ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները ինձ հորդորել են ստանձնել մարտակոչը եւ` ի հեճուկս ուժերի անհավասարության, օգտագործել Ազգային ժողովի ընձեռած սահմանափակ ասպարեզը` գործելու համար հանուն ճշմարտության ու արդարության»:

«Հետեւաբար` ի հարգանս զորակցության ու հրատապության այս օրերի ուժգին դրսեւորմանը, ես հետ եմ վերցնում հրաժարականի իմ դիմումը` կենսակոչելու համար օրախնդիր այն հանձնառությունը, որով վերջին երկու տարիների ընթացքում «Ժառանգություն» խմբակցությունն անշեղորեն ապացուցել է իր հավատարմությունը մարդու իրավունքներին ու հիմնարար ազատություններին, քաղաքական շարունակվող հալածանքների ու բանտարկությունների իսպառ բացառմանը, ինչպեսեւ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության արժանապատվության, ամբողջականության ու անվտանգության հրամայականին», - հայտարարում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սեպտեմբերի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահին։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե հրաժարականի հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում նա հետ չի վերցնում իր դիմումը։

Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը հրապարակվել էր Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի բացման օրը՝ սեպտեմբերի 15-ին։

Օրենքի համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի ընդունման դեպքում խմբակցությունում նրա տեղը զբաղեցնում է կուսակցության համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ Մովսես Արիստակեսյանը։ Վերջինս, սակայն, սեպտեմբերի 9-ին վարչության նիստի որոշմամբ հեռացվել է «Ժառանգություն» կուսակցությունից՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Զոյա Թադեւոսյանի եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ, պատգամավոր Վարդան Խաչատրյանի հետ եւ կուսակցության մի շարք այլ անդամների հետ։ Հեռացվածներին մեղադրում էին, մասնավորապես, «կուսակցության դեմ գործունեություն» ծավալելու մեջ։

Զոյա Թադեւոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Ես, ազնիվ խոսք, կարծիք չունեմ: Ինձ համար դա անակնկալ էր եւ անսպասելի: Համենայն դեպս, ես նման քայլ չէի անի: Եթե հրաժարվում ես, ապա հրաժարվում ես»:

Օրերս մամուլում լուրեր էին տարածվել, որ Մովսես Արիստակեսյանի՝ պատգամավորական մանդատ ստանալը կանխելու նպատակով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են նախաձեռնել, որով Հովհաննիսյանին խնդրում են հետ վերցնել իր մանդատը։

Այս օրերին Ստրասբուրգում գտնվող «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մեր դիմումները եւ խնդրանքներն էլ են նաեւ դեր ունեցել, որ Հովհաննիսյանը հետ վերցնի իր դիմումը: Կարծում ենք, էֆեկտիվ պայքարի միջոցը հենց նրա ներկայությունն է Ազգային ժողովում»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. - «Մինչեւ հիմա «Ժառանգությունը» ապացուցել է, որ երբեւէ անձերի հետ կապված խնդիրներ չի ունեցել եւ անձնական մանր խնդիրների հետեւից երբեւէ չի գնացել»։

Մարտիրոսյանը նաեւ շեշտեց, որ «մամուլը ստահոդ տեղեկություն է տարածում», եւ որեւէ խնդիր չկա, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը իր որոշումը սպառիչ կերպով մեկնաբանել է տարածած հաղորդագրությամբ։

Մինչ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից հրաժարվելու պատճառների մասին հրապարակավ մեկնաբանությամբ հանդես չէր եկել։

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը չցանկացավ մեկնաբանել Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը:

Իսկ իշխող կուսակցության (ՀՀԿ) խոսնակը՝ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Դա իրենց խնդիրն է... Շատ անլուրջ է: Մի քիչ մանկապարտեզի է նմանվում»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, մինչդեռ, կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը խորհրդարանում «կբարելավի Հայաստանի քաղաքական մշակույթը»:

ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այս կապակցությամբ ասաց, թե իրենք ընդհանուր առմամբ դրական են վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին. - «Որովհետեւ իսկապես մեծ ասպարեզի աշխատանք կա, եւ աշխատանքը այն կարեւորության բնույթն ունի այսօր՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, որ, բնական է՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ասելիք ունեցող մարդ պետք է օգտագործի իրեն հասու բոլոր հնարավոր ամբիոնները: Իսկ այդպիսի ամբիոններից ամենաբարձրը Ազգային ժողովի ամբիոնն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG