Մատչելիության հղումներ

«Սահմանի բացմամբ` Վրաստանով Հայաստան երկաթգծով փոխադրվող բեռների ծավալը կնվազի 25-30 տոկոսով»


Հայաստան - Չգործող երկաթուղին հայ - թուրքական սահմանի մոտ

Հայաստան - Չգործող երկաթուղին հայ - թուրքական սահմանի մոտ

«Կավկազսկի ուզել» լրատվական կայքի փոխանցմամբ` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պաշտոնյաներն ու Հայաստանի տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը ներկայումս բանակցում են հայ - թուրքական սահմանի բացման պարագայում բեռնափոխադրումների իրականացման հարցի շուրջ։

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովն ասել է, որ սահմանը բացելու դեպքում Հարավկովկասյան երկաթուղու գնացքները կարող են ժամում 15-25 կիլոմետր արագությամբ երկու օրում Հայաստանից հասնել Թուրքիա։ Փոխադրումների ծավալը առաջին տարում կարող է հասնել 6-7 միլիոն տոննայի։

Գլխավոր տնօրենի տեղակալի խոսքերով` կան տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, շարժակազմերի ծավալների եւ չափերի անհամապատասխանատվությունը թուրքական նորմերին։

«Այդ նպատակով էլ սահմանի բացման դեպքում մենք մտադիր ենք մոտ 50 միլիոն ռուբլի ներդնել շարժակազմը նորոգելու համար», - ասել է Մարատ Խակովը։

Նա հայտնել է նաեւ, որ փոխադրումների հարցի շուրջ թուրքական կողմի հետ առայժմ որեւէ քննարկում չի եղել, ուստի ինքը տեղյակ չէ` սահմանից այն կողմ նախապատրաստական աշխատանքներ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ։

Մարատ Խակովն ասել է, որ հայ - թուրքական սահմանի բացման արդյունքում Վրաստանի տարածքով երկաթգծով Հայաստան փոխադրվող բեռների ծավալը կնվազի 25-30 տոկոսով։

«Կավկազսկի ուզել»-ը նշում է, որ Հայաստանի երկաթուղին 30 տարով կոնցեսիոն կառավարման է տրված «Ռուսաստանի երկաթուղի» ընկերությանը, ընդ որում` կոնցեսիայի ժամկետը հետագայում կարող է երկարացվել եւս 20 տարով։

Կոնցեսիոն պայմանագրի համաձայն` Հարավկովկասյան երկաթուղին պարտավորվել է 30 տարում ներդնել 580 միլիոն դոլար։ Այս տարի ավելի վաղ ընկերությունը հայտնել է, որ չնայած ֆինանսական ճգնաժամին` ընթացիկ տարում կներդնի 71.5 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG