Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Քրոուլի. «Վաշինգտոնը պատրաստ է բանակցության Թեհրանի հետ»


«Պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է երկկողմանի եւ բազմակողմանի բանակցության Թեհրանի հետ», - հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին:

Հինգշաբթի օրը Ժնեւում տեղի է ունենալու Իրանի միջուկային հավակնոտ ծրագրերից անհանգստացած երկրների հանդիպումը: Առաջին անգամ Միացյալ Նահանգները Իրանի հետ երկխոսությանը անմիջական մասնակցություն է ունենալու, ասել է փոխպետքարտուղար Քրոուլին: Նրա խոսքով, եթե Իրանը ռազմական նպատակներով իրականացնի միջուկային ծրագրերը, դա կվտանգի այդ երկրի եւ Մերձավոր Արեւելքի կայունությունը:

«Իրանը ընտրություն պետք է կատարի` համոզել մեզ եւ միջազգային հանրությանը, որ խաղաղ նպատակներով իրականացվող ծրագիր է, հակառակ դեպքում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն, եւ երկիրը կմեկուսացվի: Մենք կարծում ենք, որ Իրանի ապագան խոստումնալից կլինի, եթե հանրապետությունը ինտեգրվի միջազգային հանրությանը», - հավելել է Քրոուլին:

Այսօր Թեհրանում` Ժնեւ մեկնելուց առաջ, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին հայտարարել է, որ Իրանը մտադիր է միջուկային ծրագրերի շուրջ վեցնյակի հետ բանակցել բարի կամքի դրսեւորմամբ եւ լավ մտադրություններով: Ջալիլին հոկտեմբերի 1-ին կայանալիք հանդիպումը բնորոշել է որպես փորձություն եւ հնարավորություն համաշխարհային տերությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG