Մատչելիության հղումներ

logo-print

Ռասիմ Մուսաբեկով. «Եթե Քիշնեւում առաջընթաց չգրանցվի, չի լինի առաջընթաց նաեւ հայ - թուրքական հարցում»


Ռասիմ Մուսաբեկով

Ռասիմ Մուսաբեկով

Թերեւս հնարավոր է, որ հայ - թուրքական նախաստորագրված արձանագրությունների տեքստում Ղարաբաղյան խնդրի հետ կապը չի արտացոլվել հայկական կողմի պնդմամբ, սակայն այդ կապը իրականում, անշուշտ, գոյություն ունի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարեց ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա համոզմամբ` այդ են վկայում թուրք պաշտոնատարների հնչեցրած գնահատականները:

«Թուրքական կողմը ուղղակիորեն հայտարարում է, որ սահմանի բացումն առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման անհնար է», - հիշեցրեց Մուսաբեկովը` հավելելով, թե այդ մոտեցման կրողն է նաեւ թուրք հասարակայնությունը: Ադրբեջանցի քաղաքագետի վկայաբերած սոցիոլոգիական հետազոտության արդյունքներով` առանց Ղարաբաղի խնդրի լուծման Հայաստանի հետ սահմանի բացմանը ընդդիմանում եւ դա անընդունելի է համարում Թուրքիայի բնակչության ավելի քան երկու երրորդը:

Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` Թուրքիայի վարչապետ էրդողանի այն պնդումը, թե հոկտեմբերի 10-ին հիշյալ արձանագրությունները կստորագրվեն, առավել քան հավանական է, թեկուզեւ այն պատճառով, որ թուրքական կողմը պատրաստ է դրանք ստորագրել:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա, ըստ ադրբեջանցի քաղաքագետի, ստորագրումից հրաժարումը Երեւանի համար հղի է դիվանագիտական ծանր կորուստների վտանգով:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Հայաստանում եւ Սփյուռքում նախաստորագրված արձանագրությունների հարուցած հասարակական հակազդեցությունը ի վիճակի՞ է արդյոք ձախողել դրանց ստորագրումը, ադրբեջանցի քաղաքագետը պատասխանեց. - «Հակազդեցություն, անշուշտ, կա, բայց այստեղ շատ էական է այն, որ Հայաստանի իշխանությունները հասկանում են, թե ֆինանսական ինչ ծանր վիճակում է գտնվում երկիրը»:

Այդ գիտակցումը, Մուսաբեկովի կարծիքով, էական ազդեցություն կունենա պաշտոնական Երեւանի քայլերի վրա: «Այս տարի Հայաստանին դեռ հաջողվեց վարկեր ստանալ Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Ռուսաստանից: Տնտեսական անկումը հասնում է շուրջ 15 տոկոսի: Իսկ մյուս տարի նման վարկերի ստացումը բավական բարդ կլինի», - ասաց քաղաքագետը` հավելելով, որ դա մեծ չափով պայմանավորված կլինի նաեւ Հայաստանի հետագա վարքագծի հանդեպ Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ նույն Ռուսաստանի վերաբերմունքով:

Ռասիմ Մուսաբեկովը համոզված է, որ առաջիկա օրերին Քիշնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ակնկալվող հանդիպումը ուղղակի ազդեցություն է ունենալու հայ - թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի` մասնավորապես, նախաստորագրված արձանագրությունների ճակատագրի վրա: Նա չբացառեց ճնշումները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից: «Կարծում եմ, որ Մադրիդյան սկզբունքների մշակման եւ հստակեցման բազմամյա աշխատանքի պտուղները չպետք է իզուր կորչեն, ինչպես եղել է Մինսկի խմբի բոլոր նախկին առաջարկների պարագայում», - ասաց ադրբեջանցի քաղաքագետը:

«Իսկ եթե Քիշնեւում առաջընթաց, այնուամենայնիվ, չգրանցվի, թեեւ ես զգուշավոր լավատես եմ այդ հարցում, չի լինի առաջընթաց նաեւ հայ - թուրքական բանակցություններում», - համոզվածություն հայտնեց քաղաքագետը:

Հայ - թուրքական արձանագրություններից թուրքակա՞ն, թե՞ հայկական կողմը ավելի կշահի` այս հարցադրումը Մուսաբեկովը տեղին չհամարեց:

«Նորմալ իրավիճակ չէ, երբ երկու հարեւան երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ ունեն փակ սահման: Նորմալ չէ նաեւ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են պատերազմական դրության մեջ: Այս բոլոր խնդիրների կարգավորումը բխում է ե'ւ Հայաստանի, ե'ւ Թուրքիայի, ե'ւ Ադրբեջանի շահերից», - ընդգծեց ադրբեջանցի քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG