Մատչելիության հղումներ

Թուրքիայի հետ հարաբերությունները` Հունաստանում նախընտրական բանավեճերի գլխավոր թեմա


Հույն - թուրքական սահմանին
Հույն - թուրքական սահմանին

Հոկտեմբերի 4-ին Հունաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին քաղաքական ուժերի բանավեճի գլխավոր թեման դարձել են հարաբերությունները հարեւան Թուրքիայի հետ:

Հույն վերլուծաբանների վկայությամբ` նախընտրական արշավի սկզբում թվում էր, թե քաղաքական ուժերը կենտրոնանալու են երկրում առկա տնտեսական ծանր իրավիճակի վրա: Իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը, սակայն, որոշեց օգտագործել թուրքական խաղաքարտը` չկողմնորոշված ընտորղներին իր կողմը գրավելու համար:

«Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հայտի ճակատագիրն ուղղակիորեն կապված է Հունաստանի նկատմամբ պաշտոնական Անկարայի ցուցաբերած վերաբերմունքի հետ», - ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար, վարչապետ Կոստաս Կարամանլիսը` հավելելով. - «Եթե Թուրքիան շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը մեր երկրի հանդեպ, ապա այդ պահվածքը Անկարայի համար Եվրամիության ճանապարհին բարդություններ կառաջացնի»:

Արտգործնախարար Դորա Բակոյանիսն էլ օրերս նշել է, թե Հունաստանը արել է հնարավոր ամեն ինչ հարեւան պետության հետ հարաբերությունները բարելավելու համար: «Այժմ գնդակը Թուրքիայի դաշտում է», - հայտարարել է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հունական մամուլի գնահատմամբ` այս հայտարարությունները անսովոր են քաղաքական այն ուղեգծի ֆոնին, որ վերջին տարիներին որդեգրել էր Կարամանլիսի կառավարությունը: Հույն աջերը իշխանության գալուց ի վեր լուրջ քայլեր էին ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Վարչապետ Կարամանլիսը հունական կառավարության առաջին ղեկավարն էր 1959 թվականից ի վեր, որ պաշտոնական այցով մեկնեց Թուրքիա: Վերջերս էլ, ըստ հունական թերթերի, Կարամանլիսը մասնավոր այցով էր մեկնել հարեւան պետություն` մասնակցելու թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի որդու հարսանիքին:

Նման պայմաններում, ընդդիմադիր սոցիալիստները ստիպված են նույնպես կարծրացնել դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ:

«Մենք Թուրքիայի` Եվրամիությանը անդամակցելու ամենաջերմեռանդ կողմնակիցն ենք: Դա, սակայն, չի նշանակում, որ մեզ համար ընդունելի է պաշտոնական Անկարայի պահվածքը Էգեյան ծովի վիճելի կղզիների հարցում», - օրերս հայտարարել է սոցիալիստ պատգամավոր Անդրեաս Լովերդոսը, ով, տեղական աղբյուրների պնդմամբ, սոցիալիստների հաղթանակի դեպքում դառնալու է Հունաստանի արտգործնախարարը:

«Գործող կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հստակ ծրագիր պարզապես չունի: Մենք պահանջում ենք, որպեսզի թուրքերը կատարեն Եվրամիության պահանջներն ու ճանաչեն Կիպրոսի Հանրապետությունը», - հայտարարել է սոցիալիստ պատգամավորը:

Հունաստանում անցկացված վերջին հարցումները վկայում են, որ նույնիսկ Թուրքիայի նկատմամբ դիրքորոշումը կարծրացնելով` Կոստաս Կարամանլիսի կուսակցությունը առաջիկա ընտրություններում հաղթելու շատ քիչ շանս ունի. ընդդիմադիր սոցիալիստների վարկանիշը, սոցիոլոգների պնդմամբ, մոտ 6 տոկոսով ավելի է, քան իշխող աջերինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG