Մատչելիության հղումներ

Եվրոպացի փորձագետները կհրապարակեն ռուս - վրացական պատերազմի պատճառների մասին զեկույցը


Եվրոպացի փորձագետները, շուրջ մեկ տարի աշխատելուց հետո, չորեքշաբթի օրը հանրությանը կներկայացնեն իրենց վերջնական զեկույցը անցած տարվա կարճատեւ ռուս - վրացական պատերազմի պատճառների մասին:

Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ` անկախ հանձնախմբի ղեկավար Հայթի Տալյավինին շուրջ 900-էջանոց զեկույցը նախ կներկայացնի Վրաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններին, ապա` Եվրամիության նախարարների խորհրդին եւ ԵԱՀԿ-ի պաշտոնյաներին:

Թեեւ ամիսներ շարունակ փաստաթղթի բովանդակությունը խիստ գաղտնի էր պահվում, այդուամենայնիվ, որոշ մանրամասներ հայտնի են դարձել լրատվամիջոցներին: Գերմանական աղբյուրների հաղորդմամբ, մասնավորապես, հանձնաժողովը հակամարտող երկու կողմերին էլ մեղավոր է ճանաչել պատերազմական գործողությունների համար. պաշտոնական Թբիլիսիի վրա, մասնավորապես, դրվել է պատերազմը հրահրելու, Ռուսաստանի վրա` իրավիճակը թեժացնելու պատասխանատվությունը:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի նախաձեռնութամբ ստեղծված անկախ փորձագետների այս հանձնաժողովը աշխատանքը սկսեց 2008 թվականի դեկտեմբերին` փորձելով պարզել կարճատեւ պատերազմի պատճառներն ու հանգամանքները: Ի սկզբանե ակնկալվում էր, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող հանձնաժողովը արդեն կես տարի անց կհրապարակի վերջնական եզրակացությունը: Փորձագետները, սակայն, եւս երկու ամիս ժամանակ խնդեցին` պատճառաբանելով, թե նոր ապացույցներ են ստացել:

Լրատվամիջոցների փոխանցմամբ` կողմերը մինչեւ վերջին պահը փորձել են ազդել հանձնաժողովի եզրակացության վրա: Wall Street Journal- ի հաղորդմամբ, մասնավորապես, անցած ուրբաթ Վրաստանի իշխանությունները նոր ապացույցներ են ներկայացրել, որոնք, պաշտոնական Թբիլիսիի պնդմամբ, ցույց են տալիս, որ ռուսական զորամիավորումները դեռեւս ամիսներ առաջ սկսել էին կենտրոնանալ Հարավային Օսիայում եւ նախապատրաստվել Վրաստանի դեմ պատերազմին:

«Եվրոպան պետք է ուշադրություն դարձնի այն հանգամանքի վրա, թե որ երկիրն է զավթել հարեւանի տարածքները, ով է ում նկատմամբ ագրեսիա կիրառել, եւ ոչ թե` ով է առաջինը քաշել հրացանի ձգանը», - զեկույցի հրապարակման նախօրեին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիան:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, իր հերթին, «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հայտարարել է. - «Մենք վստահ ենք, որ ճշմարտությունը մեր կողմից է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG