Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան ափի առաջնորդարանում կազմակերպված ընդունելության ժամանակ Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքի ու Նյու Ջերսիի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները եւ դրանց լուծման ուղիները` մանրամասն անդրադարձ կատարելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին:

Հայկական բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Պերճ Սեդրակյանի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը քննարկել է Հայաստանում եւ Սփյուռքում կազմակերպության գործունեության, հայապահպանության եւ հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը, որի հետ քննարկել է Հայաստան - ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Այցելության ընթացքում արտգործնախարարը հանդիպում է ունեցել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արեւելյան ափի Ազգային առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG