Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ներկայացուցիչը խորհրդարանական ընդդիմությանը խորհուրդ է տալիս հրաժարվել մանդատներից


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը այսօր խորհրդարանական ընդդիմությանը ՝ «Ժառանգության»-ն ու Դաշնակցությանը է կոչ արեց վայր դնել մանդատները՝ ի նշան բողոքի ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների:

Զուրաբյանի համոզմամբ, նման քայլը կարող է «շատ լուրջ գործոն դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա ընթացքը կանխելու համար»:

«Եթե այսօր Դաշնակցությունը եւ «Ժառանգություն»-ը որոշում են ընդունում վայր դնել իրենց պառլամենտական մանդատները՝ ի բողոք կատարվող պրոցեսի, դրանով նրանք, ճիշտ է, իրավական առումով որեւէ ճգնաժամ չեն առաջացնում, բայց առաջացնում են լրջագույն քաղաքական ճգնաժամ: Փաստորեն պառլամենտում այլեւս ընդդիմություն չի լինի ներկայացված: Սա ամբողջ միջազգային հանրության համար կլինի ազդանշան, որ ինչ-որ մի պրոցես է գնում, որը փորձում են փաթաթել հայ հասարակությանը: Եվ սա լրջագույն ազդակ կլինի, որը թույլ կտա բեկում մտցնել այս ամբողջ պրոցեսի մեջ», - պարզաբանեց Կոնգրեսի ներկայացուցիչը:

Հարցին, թե ինչու «ժառանգություն»-ն եւ Դաշնակցությունը կարողացան պայմանավորվել համագործակցության շուրջ՝ հայ-թուրքական արձանագրությունները կանխելու շուրջ, իսկ ՀԱԿ-ը՝ ոչ, Զուրաբյանն արձագանքեց, որ «Ժառանգություն»-ն այդ հարցով իրենց չի էլ դիմել:

Խոսելով Դաշնակցության պահանջների մասին՝ Կոգրեսի ղեկավար ներկայացուցիչն ասաց, որ արտգործնախարարի հրաժարականը պահանջելը «ուղղակի մանկամտություն է», եւ համոզել ժողովրդին, որ արտգործնախարարն է մեղավոր այդ արձանագրությունների համար, նշանակում է «փորձել օգնել Սերժ Սարգսյանին՝ վարել ներկայիս քաղաքականությունը»:

Հարցին, թե այդ պարագայում ինչու «Ժառանգություն»-ը միացավ ՀՅԴ-ին եւ ոչ թե ՀԱԿ-ին, Զուրաբյանը արձագանքեց. - «Եթե միանում է, եւ այդ կարգախոսներով է միանում, ուրեմն ինքը խաղալու է այդ անպատվաբեր խաղը»:

«Բնականաբար, եթե տեսնենք, որ նրանց գործողությունները ավելի լուրջ թիրախի են ուղղված, մենք դա ե'ւ կնկատենք, ե'ւ կողջունենք, ե'ւ միասնաբար կանենք ամեն ինչ»:

Զուրաբյանը մեկ անգամ էլ բարձրաձայնեց, որ արձանագրությունների ստորագրումը կանխելու միակ տարբերակը համաժողովրդական բողոքի ալիքն է», որի նպատակը պետք է լինի նախագահ Սարգսյանի հրաժարականի պահանջը:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ-ի՝ մանդատները վայր դնելու առաջարկի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե մանդատներից հրաժարվելու անհրաժեշտություն չկա, քանի որ դա «բովանդակային առումով մեծ ազդեցություն չի ունենա», իսկ միջազգային հանրությունը «կանտեսի» ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատներից հրաժարվելը, քանի որ «բազմիցս ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչ Սպարտակ Սեյրանյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Դաշնակցությունը, անշուշտ, հակված է լսել տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների տեսակետներն ու խորհուրդները, բայց Լեւոն Զուրաբյանը «այդ գործիչների թվում չէ»:
XS
SM
MD
LG