Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը առաջիկա օրերին կայցելի Նախիջեւան


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այս շաբաթվա ընթացքում կայցելի Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետություն, որտեղ հոկտեմբերի 2-3-ը տեղի կունենա թուրքալեզու երկրների հերթական համաժողովը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության վկայությամբ` միջոցառման մասնակիցների թվում են նաեւ Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները, մինչդեռ Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը կներկայացնեն բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Համաժողովի շրջանակներում նախատեսված է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը, որի օրակարգում կլինեն թե' հայ - թուրքական երկխոսությանը եւ թե' ղարաբաղյան բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։

Ստամբուլում հրատարակվող Today’s Zaman պարբերականի փոխանցմամբ` այդ հանդիպումից մեկ շաբաթ անց Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում պետք է ստորագրեն երկու երկրների հարաբերությունների բարելավմանն ուղղված երկու նախաստորագրված արձանագրությունները։

Նախիջեւանում Գյուլը Ալիեւին հավաստիացնելու է, որ Երեւանի հետ կապերի հաստատումը որեւէ կերպ վնաս չի հասցնի թուրք - ադրբեջանական բարեկամական հարաբերություններին։

Today’s Zaman-ը նշում է, որ հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 7-8-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ծրագրված է ԱՊՀ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG