Մատչելիության հղումներ

Չեմ Թոքեր. «Հայերն ու թուրքերը պետք է խոսեն»


Չնայած դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիայի խորհրդարանում, սակայն հստակ է, որ առաջիկայում երկու երկրների հարաբերություններում տեղի կունենան դրական լուրջ զարգացումներ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Թուրքիայի Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Չեմ Թոքերը:

«Անցած շաբաթ Անկարայում Եվրամիության անդամ երկրների դեսպանները հանդիպել են [Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ] Դենիզ Բայքալի հետ, եւ, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նրանք կոչ են արել Բայքալին մեղմել հայ - թուրքական հարաբերությունների նորմալացմանն առնչվող իր քննադատությունը: Ես հույս ունեմ, որ Բայքալը կլսի այդ կոչը, եւ որոշակի առաջընթաց կգրանցվի այդ ուղղությամբ», - ասաց Թոքերը` հավելելով. - «Մյուս կողմից, շատ կարեւոր է, որ թուրքական կառավարությունը փորձի ձեւավորել համապատասխան հասարակական կարծիք, որի ուղղությամբ, ցավով պետք է ասեմ, որեւէ լուրջ քայլ չի արվել: Կարծում եմ, շատ ավելի դյուրին կլինի շարունակել այս գործընթացը, եթե ստեղծվի համապատասխան հասարակական կարծիք եւ այդ հարցը պահվի ուշադրության կենտրոնում, ներկայացվի դրականորեն, եւ քննարկվեն երկու երկրների հարաբերությունների նորմալացման օգուտները»:

Չեմ Թոքերը անդրադարձավ նաեւ ադրբեջանական կողմի արձագանքին` նշելով. - «Անցած շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը լռություն էր պահպանում: Ես, իհարկե, չգիտեմ, թե այսօր փակ դռների ետեւում ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուղղությամբ, բայց պետք է ասեմ, որ մեկն ավելի լավ է, քան զրոն, երկուսը ավելի լավ է, քան մեկը. ուզում եմ ասել, որ սա շատ լավ սկիզբ է, եւ ընկալումները փոխվում են, եւ հայերն ու թուրքերը պետք է խոսեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG