Մատչելիության հղումներ

logo-print

Հիլարի Քլինթոնը հանդիպել է Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ


Նյու Յորքում ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին` Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, ըստ որի` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:

Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի աջակցության համար:

Ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում:

Սա այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր:

Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում Քլինթոնը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հետեւողականորեն սատարում է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ կարծում է, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG